Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստն այս անգամ անցկացվել է Ծաղկաձորում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա:
«Մեր երկրները հետևողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը և ակտիվացնում համագործակցությունը տարբեր ոլորտներում: Երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի դեր ունի կառուցողական խորհրդարանական երկխոսությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:
Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի միակ ճանապարհն է, և ստեղծված իրավիճակում այնտեղ բնակվող շուրջ 120.000 հայ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից, այդ թվում` կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից և բժշկական օգնությունից:
«Պաշտոնական Բաքվի նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայերի` Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչների էթնիկ զտման քաղաքականության դրսևորում: Ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց հապաղելու: Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:
Նա այս համատեքստում կարևորել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ինչպես նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում:
Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը:
«Ադրբեջանի անօրինական գործողությունները նպաստում են լարվածության աճին և խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատումը: Մենք ընդգծում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում` մոնիթորինգի մեխանիզմների գործարկման կամ վերսկսման անհրաժեշտությունը` ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»,- արձանագրել է նա:
Անդրադառնալով օրակարգային հարցերին` ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ քննարկումներն ու արված առաջարկներն արդյունավետ խթան կհանդիսանան համընդհանուր խնդիրների լուծման համար, իսկ համատեղ աշխատանքը կնպաստի ջանքերի միավորմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ խնդիրների լուծման գործում:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական ռազմավարական գործընկերն է, և միջազգային հարաբերությունների գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում խորհրդարանականների միջև վստահելի փոխգործակցությունն առավել պահանջված է: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունն օժանդակում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Նա ևս կարևորել է ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործում:
Ողջույնի խոսքում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, ռազմավարական գործընկերությանը, խնդիրների համալիր լուծման առաջնահերթություններին ու իրականացվող քայլերին են անդրադարձել նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են հումանիտար և տնտեսական համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության հեռանկարներին` Հայաստանում ռուսերենի, իսկ Ռուսաստանում հայերենի տարածմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համատեքստում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանն անդրադարձել է տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված քայլերին, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին, ֆինանսական շուկայի խնդիրներին: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Սեյրան Օհանյանը խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, ընդգծել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում: Անվտանգային լարված իրավիճակում ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ կողմերի ուժերը համատեղելու առաջարկ է հնչել:
Ներկայացվել են Հայաստանում ռուսերենի տարածմանն ուղղված քայլերը, կրթական միջոցառումները, գիտակրթական ոլորտում իրականացվող ծրագրերը, միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը նկատել է, որ Հայաստանում ռուսերենը մայրենի լեզվից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Նա կարևորել է ռուսական կողմից 60.000 դասագրքեր Հայաստան ուղարկելու որոշումը, որը ռուսերենի խթանմանն ուղղված առանձնահատուկ քայլ կարող է լինել:
Ալեքսեյ Սանդիկովն ընդգծել է, որ գրքերի խմբաքանակով կբավարարվի Հայաստանում ռուսական հոսք ունեցող դպրոցների դասագրքերի պահանջարկը: Խնդիրը բարձրացվել էր նախորդ տարվա հոկտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցի ժամանակ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ընթացքում:
Զեկուցողները համոզմունք են հայտնել, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Նիստի ավարտին Հայաստանի Տավուշի մարզի և Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում` Իրկուտսկում:
Նիստից հետո Հակոբ Արշակյանը և Յուրի Վորոբյովն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները: