ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՕՐԵՆՔԸ
Ֆրանսիայի իշխանություններն առանց խորհրդարանում քվեարկության ընդունել են կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրենքը: Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքն ընդունվել է խորհրդարանում առանց քվեարկության: Նա հայտարարել է, որ Սահմանադրության 49.3-րդ հոդվածը նման ընթացակարգի հնարավորություն տալիս է։
Կենսաթոշակային տարիքի բարձրացման օրենքի ընդունման մասին խորհրդարանում Ֆրանսիայի վարչապետի հայտարարությանը պատգամավորներից շատերը բացականչություններով են արձագանքել, մի մասը վարչապետի ելույթի ընթացքում լքել է դահլիճը:
Հայտարարությունից հետո հարյուրավոր ֆրանսիացիներ են հավաքվել Փարիզի Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք դեմ են կենսաթոշակային բարեփոխումներին և պահանջում են կառավարության հրաժարականը։
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԱՍԱԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐ
Կրեմլը մանրամասներ է ներկայացրել երեկ կայացած Վլադիմիր Պուտին-Բաշար Ասադ հանդիպումից: Ռուսաստանի և Սիրիայի նախագահները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության և Դամասկոսի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա մանրամասնել է, որ բանակցությունների արդյունքում կայացվել Է որոշում, որը թույլ կտա առաջիկայում ստորագրել Ռուսաստանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման շատ կարևոր փաստաթուղթ:
ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՌՉԱԿԱԳԻՐ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ
Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր է ընդունվել: Առաջնորդները հռչակագրում համերաշխություն են հայտնել Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը երկրաշարժից հետո վերականգնման աշխատանքներում: Թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդները հաստատել են, որ վստահ են Ղազախստանի, Թուրքմենստանի և Թուրքիայի առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների, Ուզբեկստանի հանրաքվեի հաջողության հարցում։ Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Թուրքիայի նախագահին ՝ միասնականության և համերաշխության, թյուրքական աշխարհի անվտանգության և բարեկեցության գործում ներդրման, միասնության ոգու ամրապնդման գործում առաջնորդության համար և հաջողություններ մաղթել նրան առաջիկա ընտրություններում: Թյուրքական երկրների ղեկավարները դատապարտել են նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումը։
Որոշվել է այս տարվա հոկտեմբերին Ղազախստանում անցկացնել Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովը։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
Ռուս-ուկրաինական հակամարտությունը հետաքննող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված անկախ հանձնաժողովից հայտարարել են, որ Ուկրաինայում իրականացված ցեղասպանության նշաններ չեն արձանագրել: Հանձնաժողովի անդամները ուսումնասիրել են փաստեր և հանգամանքներ, որոնք կարող են որակվել որպես մարդու իրավունքների կամ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ: Հրապարակված զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը մեղադրվում է Ուկրաինայում մարդասիրական միջազգային իրավունքի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար, որոնցից շատերը ռազմական հանցագործություններ են: Հանձնաժողովը, սակայն, Ուկրաինայի տարածքում իրականացված ցեղասպանության որևէ ապացույց չունի: