ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում նախորդ և ընթացիկ տարվա մակրոտնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, տնտեսական զարգացման միտումները:
Նիստի ընթացքում ներկաները քննարկել են ՀԱԱՊ անդամների բարձրացրած հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, փոխարժեքի տատանումներին և դրանցով պայմանավորված խնդիրներին, Հայաստանում օտարերկրյա ներդրումներին, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության՝ Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր:
Փոխվարչապետ Խաչատրյանը հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, օտարերկրյա ներդրողների հետ կապերի ամրապնդմանը և պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ամրապնդմանը: