ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Երևանի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով՝ հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում։ Փոխքաղաքապետի խոսքով՝ նախաձեռնությունը նվիրված է Շառլ Ազնավուրի 100-ամյակին ու քննարկվել է «Ազնավուր» հիմնադրամի հետ:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Առաջարկվում է Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրել հենց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Օգյուստ Ռոդենի արձանը տեղափոխել նույն Ֆրանսիայի հրապարակ՝ մայթեզրին ավելի մոտ հատված:
Ավինյանի խոսքով՝ ներկայումս Ռոդենի քանդակի` Ֆրանսիայի հրապարակում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով ուսումնասիրել ստեղծագործությունը, ինչը նախատեսված է քանդակի նվիրատվության պայմանագրով: Նախագիծն ընդունվեց. կողմ էր ավագանու 49 անդամ:
Տիգրան Ավինյան - Կարևորելով աշխարհահռչակ հայազգի արվեստագետի, մեծ մարդասերի, հասարակական գործչի արժանվույնս գնահատման, ստեղծագործական ժառանգության արժևորման և հանրահռչակման, նրա հիշատակը հավերժացնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է ընդունել սույն որոշման նախագիծը:
ԴՊՐՈՑԻ, ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄ՝ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Հայտնի անձանց անունով փողոցների անվանակոչում, Աջափնյակի մետրոյի կառուցում, միասնական տոմսային համակարգ. ավագանու նիստում քննարկվող մյուս հարցերն էին: Ավագանու որոշմամբ Երևանի համար 116 հիմնական դպրոցն անվանակոչվեց դպրոցի շրջանավարտ, քառօրյա պատերազմի մասնակից Ադմիրալի՝ Սամվել Հովսեփյանի անվամբ։ Նախաձեռնությունը Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանինն էր, որն այսօր մասնակցում էր քննարկմանը: Խոսելով Հովսեփյանի սխրագործություններից` Միքայելյանը պատմեց, թե ինչպես է 90-ականներին կարողացել բանակցել հակառակորդի հետ, նրանց համոզել հանձնվել:
Սասուն Միքայելյան (Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ) - Գրեթե 100-ը հանձնվեց, որոնց մեջ նաև «զակոննի» գող կար:
Ավագանու որոշմամբ՝ Երևանում փողոցներ կանվանակոչվեն հայտնի դերասան Սոս Սարգսյանի, կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի, դերասան Արմեն Խոստիկյանի, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի, արձակագիր Էլեն Բյուզանդի, բանաստեղծներ Արմենուհի Տիգրանյանի, Մարո Մարգարյանի, առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի, գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի անուններով:
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2022-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Այնուհետև ներկայացվեց Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը թվարկեց կարևոր նշանակություն ունեցող ծրագրերից մի քանիսը: Նշեց՝ 2022 թվականի օգոստոսին «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հանձնել է Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի առաջին փուլի արդյունքները:
Արմեն Հարությունյան (Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ) - Ըստ նախնական գնահատումների՝ ամբողջական նախագծի պատրաստ լինելուց հետո շինարարական աշխատանքը կտևի մոտ 4 տարի:
Հարությունյանը տեղեկացրեց, որ հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի: Հավելեց՝ այդ համակարգը ներդնելու նպատակով կայացել է մրցույթ, կա հաղթող օպերատոր:
Վարչության պետը ներկայացրեց նաև Երևանյան լճի ափամերձ տարածքների ջրային հատվածի և ափի մաքրման աշխատանքները, նշեց՝ Երևանյան լճի վրա լողացող արևային կայանի տեղադրում է եղել. թեման շարունակեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ասաց՝ սա առաջին լողացող կայանն է Հայաստանում:
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ ներկայացրեց Երևանի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, նշեց՝ կատարողականը կազմել է 98,5 տոկոս: Երևանի 2022 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտների կատարողականը կազմել է 102,4%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը 2021 թվականի համապատասխան ցուցանիշից ավելի է 4,7 միլարդ դրամով։
Լևոն Հովհաննիսյան (Երևանի փոխքաղաքապետ) - Համեմատական դինամիկայով սեփական եկամուտների մասով, իհարկե, աննախադեպ է ցուցանիշը ծավալային առումով, 2018-ից սկսած` թե՛ կատարողականի մասով, թե՛ ծավալի մասով 2022 թվականը ամենաարդյունավետն է եղել:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշեց՝ սա վերջին 6 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, և այս տարիների ընթացքում եզակի դեպքերից մեկն է, որ կողմ կքվեարկի բյուջեի կատարողականին: Երևանի ավագանին 48 կողմ, 1 ձեռնպահ ձայներով կատարողականն ընդունեց։
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ օրակարգից դուրս մեկ հարցի վրա ուշադրություն հրավիրեց. քննադատեց, թե ինչու քաղաքապետարանը չի արձագանքում որոշ դպրոցների տնօրենների՝ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ու աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությանը։
Անի Խաչատրյան («Լույս» խմբակցության անդամ) - Պահանջում եմ հրապարակել այդ խմբի անունները, ովքեր են այդ տնօրենները, թո՞ւյլ եք տվել արդյոք այդ հանդիպումը, այդ ի՞նչ խմբերի մասին է խոսքը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ի պատասխան ասաց, որ աշխատանքային խումբ եթե ստեղծվում է, ապա դա քաղաքապետի որոշմամբ պետք է լինի, իսկ ինքը նման որոշում չի ստորագրել։
Հեղինակ` Տաթև Խաչատրյան