«Նոր Զովք» սուպերմարկետներում բացահայտումները եզակի չեն, առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ՝ առանց անուններ նշելու` հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Առգրավված սերվերներն ուսումնասիրել-պարզել են՝ նախնական հաշվարկներով ստվերային շրջանառությունը տասնյակ միլիարդների է հասնում:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Ոչ միայն «Նոր Զովքինը», բազմաթիվ են տնտեսվարող սուբյեկտները, և չի բացառվում, որ 100 մլրդ և ավելի ստվերային շրջանառություն դուրս բերվի: Միայն նկատի ունեմ այն դեպքով, որով որ հաղորդագրություն ենք տվել, հայտնաբերվել են սերվերներ:
Բադասյանը տնտեսվարողներին հորդորում է ճշտված հաշվարկներ ներկայացնել և տույժերով հանդերձ վճարումներ կատարել, հակառակ դեպքում օրենքի սահմաններում կոշտ արձագանք կլինի:
Ռուստամ Բադասյան - Հետևանքները` այն ենթադրյալ օգուտները, որ նրանք ստացել են, ոչ միայն այդ օգուտներն են կորցնելու, այլ նաև շատ բարդ իրավիճակում են հայտնվելու:
Առաջինը «Նոր Զովքն» էր, որովհետև տեղեկությունը առաջինը այդ տնտեսվարողի վերաբերյալ է եղել, ապա շրջանակն ընդլայնվել է՝ շարունակում է Բադասյանը, հավելում՝ խոսքը ոչ միայն սուպերմարկետների, այլև շինարարական ու այլ ընկերությունների մասին է, և պարտադիր չէ, որ ստվերային գործողությունները ՀԴՄ-ի կամ ծրագրային ապահովման հետ կապված լինեն: ՊԵԿ ղեկավարը պատասխանել է նաև «Նոր Զովքի»՝ թիրախավորված լինելու մասին հարցին:
Ռուստամ Բադասյան - Քաղաքական թիմի թիրախում որևէ բիզնես չկա, ՊԵԿ-ը հավասար մոտեցումներով և իր լիազորությունների շրջանակում է գործում: Որ դեպքում հայտնաբերենք նման երևույթներ, բնականաբար, խիստ հետևանքներ են լինելու. այն, ինչ նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ:
Ռուստամ Բադասյանը բացառել է նաև կոռուպցիոն, զարտուղի ճանապարհներով, այսպես կոչված «ծանոթ-բարեկամ խառնելով» հարցը լուծելու հնարավորությունը, հորդորում է աշխատել օրինական դաշտում, լինել օրինապահ հարկ վճարող: Լրագրողները հետաքրքրվել են նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների աշխատանքից:
Ռուստամ Բադասյան - Հունվարի 1-ից մենք հրապարակում ենք մեր հսկողական գործողությունների արդյունքները: Եթե կոնկրետ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններին է հարցը վերաբերում, կարող եք ցանկում հայտնաբերել այդ ընկերությունները, տեսնել` տուգանվել են թե ոչ, ինչի համար, ինչ իրավախախտման համար են տուգանվել:
Գլխավոր հարկահավաքը պնդում է, որ գործողությունները պետք չէ անձնավորել, կառույցի համար տարբերություն չկա, թե բիզնեսը ում է պատկանում, սև հաշվապահություն վարելու հետևանքը բոլորի համար նույնն է լինելու: