ԿԱՅԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը։ Զրույցն ընթացել է փակ դռների հետևում։
Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ մեկնել է Թուրքիա, որտեղ կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին:
Մարտի 16-ին Անկարայում կայանալու է Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը։ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովի օրակարգում են լինելու Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո կատարվելիք համատեղ քայլերը և թյուրքական աշխարհին հետաքրքրող այլ հարցեր։
Դիտորդի կարգավիճակով հանդիպմանը մասնակցելու են նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Թուրքմենստանը և Հունգարիան։
ԱՇԽԱՐՀՆ ԻՍԿԱՊԵՍ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ. ԱՍԱԴ
Երեկ Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բաշար Ասադի բանակցությունները տևել են երեք ժամ։ Հանդիպումը տեղի է ունեցել երկու ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ և դեմ առ դեմ։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ զգալի հաջողություններ են գրանցվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ձեռք բերված արդյունքները «հնարավորություն են տալիս կայունացնել սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական իրավիճակը»: Սիրիայի նախագահը կարծում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը չպետք է լինի ժամանակավոր և սահմանափակվի միայն ահաբեկչության դեմ պայքարով։
Բաշար Ասադը աջակցություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին։ Միաժամանակ նա նշել է, որ իր երկրի դիրքորոշումը կապված է ոչ միայն Սիրիայի ու Ռուսաստանի բարեկամության հետ։
«Աշխարհն իսկապես կայունացման կարիք ունի, այլապես այն կփլուզվի»,- ասել է Սիրիայի նախագահը:
Դամասկոսը ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ այն տարածքներով, որոնք միացել են հանրաքվեների արդյունքներով՝ նշել է Սիրաիայի առաջնորդը՝ հիշեցնելով, որ իր երկիրը ճանաչել է այդ շրջանները դեռևս Ռուսաստանին միացնալուց առաջ:
Հանդիպման ընթացքում Բաշար Ասադը նաև հայտարարել է, որ որ պատրաստ է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միայն Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերումից հետո։
ՂՐԻՄԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԹՍ-ՆԵՐԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ ՍԱԴՐԻՉ ԵՆ. ՇՈՅԳՈՒ
Սև ծովի տարածքում ամերիկայն անօդաչու սարքի կործանման շուրջ քննարկումները շարունակվում են: Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Լլոյդ Օսթինը հեռախոսով քննարկել են ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Շոյգուի հետ զրույցից հետո Օսթինը նշել է, որ մեծ տերությունները պետք է թափանցիկության և հաղորդակցության համար օրինակ լինեն: Նա կրկնել է, որ ԱՄՆ-ը սարքերը թռչելու են այնտեղ, որտեղ դա թույլ է տալիս միջազգային իրավունքը, և հորդորել է ռուսական ռազմական ավիացիային գործել «անվտանգ և պրոֆեսիոնալ»:
Սերգեյ Շոյգուն իր հերթին նշել է, որ Ղրիմի ափերի մոտ ամերիկյան ԱԹՍ-ների թռիչքները սադրիչ բնույթ են կրում, ինչը նախադրյալներ է ստեղծում սևծովյան գոտում իրավիճակի սրման համար։ Պենտագոնի ղեկավարը հրաժարվել է հրապարակել ռուս գործընկերոջ հետ զրույցի բովանդակության մանրամասները:
Թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
«Ցանկացած նախաձեռնություն, որը հրահրում է երկու միջուկային տերությունների բախում, միշտ շատ լուրջ ռիսկեր է պարունակում, ԱՄՆ-ն չի կարող դա չհասկանալ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ն անտեսում է այն փաստը, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Սև ծովի ափամերձ շրջանները թռիչքների համար սահմանափակ կարգավիճակ ունեն:
ԱՄՆ պետքարտուղարը էլ հրաժարվել է մեկնաբանել միջադեպի շարժառիթները։ Էնթոնի Բլինքենը տեղի ունեցածը որակել է անխոհեմություն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ-ին և Ռուսաստանին երկխոսության և էսկալացիայից խուսափելու կոչ է արել։
Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նշել է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկություն չունեն։