2023 թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։ Այդ մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Նախնական տվյալներով՝ վերջիններս վնասվածքներն ստացել են մարտի 15-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի վարած «Մերսեդես CLK 320» մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու պատճառով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն:
Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի՝ նրա օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:
Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են։