Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:
Մասնավորապես՝ առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը (վարչական շենք), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասն օտարել դասական աճուրդով:
Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 57 930 000 դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 2 896 500 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։
Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 165 114 դրամը։
Առաջարկվում է նաև դասական աճուրդով օտարել Երևանի Արաբկիր համայնքում գտնվող ստորգետնյա ավտոկանգառը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված համապատասխան հողամասը: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով` 619 782 032 դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 30 989 102 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 819 768 ՀՀ դրամը։
Մեկ այլ որոշմամբ էլ Կառավարությունը համաձայնություն է տվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին՝ Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի Նռնաձոր բնակավայրում գտնվող հատուկ նշանակության հողատարածքը առանց մրցույթի, 10 տարի ժամկետով, անշարժ գույքի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին՝ պտղատու այգիների հիմնման նպատակով:
Հաշվի է առնվել նաև այն, որ գյուղատնտեսական կոոպերատիվը ստեղծվել է Նռնաձոր բնակավայրի բնակիչների կողմից, և որի անդամները բացառապես սահմանապահ Նռնաձոր գյուղում մշտական բնակություն հաստատած և այգեգործությամբ զբաղվելու ցանկություն հայտնած բնակիչներն են: