Այսօր կամավոր ատեստավորման ուսուցիչներին վերաբերող գործընթացում լավարկող փաթեթ նաև հաստատեցինք, որով հնարավորություն ենք ընձեռում նաև այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը: Կարծում ենք՝ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս պահի դրությամբ ունենք արդեն 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է: Եթե միջին դրույքաչափը 125 հազար է, ապա միջին եկամուտը միայն կամավոր ատեստավորման արդյունքում կազմում է 250 հազար դրամ և ավելի, իսկ առավելագույնը ունենք 450 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ ուսուցիչների շուրջ 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն, և ունենք շուրջ 150 ուսուցիչ, որոնք ստանում են 350 հազարից 450 հազար դրամ վարձատրություն: Սրան գումարվում են նաև այլ հավելավճարները, ինչպես տարակարգի մեխանիզմի դեպքում: Ունենք տարակարգ ունեցող շուրջ 300 ուսուցիչ, որոնց համար հավելավճարի համակարգ է գործում»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ այս տարի ատեստավորմանը կկարողանան մասնակցել բոլոր դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Մինչև ամսվա վերջ դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ երեկվանից մեկնարկել է դիմումների ընդունումը արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացի համար:
Երաժշտական, արվեստների, մարզադպրոցների մանկավարժները երեկվանից հնարավորություն ունեն դիմելու և կամավոր ատեստավորման արդյունքում իրենց վարձատրությունը բարձրացնելու:
«Մարտի 9-ից ընդունում ենք մանկապարտեզների մանկավարժների դիմումները, որտեղ 30-50 տոկոս հավելավճար է գործում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով սահմանվել է՝ կենսաթոշակային տարիքի լինելն ինքնին դեռ աշխատանքից ազատելու հիմք չէ:
«Նախկինում այդպիսի կարգավորում կար: Հիմա այս կարգավորումը վերաբերում է նաև ուսուցիչներին: Մենք այս օրենքի փոփոխությամբ հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի նաև կենսաթոշակային տարիքի ուսուցիչներն ատեստավորվեն: Նախկինում ինչի՞ համար էր այդ կարգավորումը նաև դպրոցներում. որովհետև այդպիսի տեսակետ կար, որ կենսաթոշակային տարիքն անց ուսուցիչների աշխատանքի արդյունավետությունն ընկնում է, երիտասարդներին ճանապարհ չեն տալիս: Բայց մենք այդ կարծիքին չենք՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ այդ ռիսկը կա և գոյություն ունի: Կարծում եմ՝ շատ լավ մեխանիզմ է, մոտիվացիա է կենսաթոշակային տարիքի այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են կամավոր ատեստավորում անցնել: Ուզում եմ հիշեցնել՝ երրորդ տարում ատեստավորում չանցած որևէ ուսուցիչ դպրոցում չի աշխատելու: Նախ՝ իրենց աշխատավարձը կբարձրանա, երկրորդ՝ այլ կարգի մտավախությունները կփարատվեն, և մենք նաև ուսուցիչների կադրային բազան լրացնելու այդ հնարավորությունը նույնպես կօգտագործենք»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է մեխանիզմներ գործարկել, որպեսզի երիտասարդ ուսուցչական կադրերի համար ատեստավորման պահանջը խոչընդոտ չդառնա:
Կառավարության այլ որոշումներով էլ հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: