Իսրայելի կառավարության ներկայացրած Դատական բարեփոխումների հակառակորդները «Բռնապետը փախուստի մեջ է» և «Չվերադառնաս» կարգախոսներով ցույց են կազմակերպել Բեն Գուրիոնի օդանավակայանում վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գերմանիա պաշտոնական այցից առաջ, գրում է Euronews-ը:
Մի քանի շաբաթ շարունակվող համազգային բողոքի ցույցերը ստիպեցին Իսրայելի նախագահին փոխզիջումային ծրագիր ներկայացնել։ Այն նախատեսում է Կնեսետի հնարավորությունների էական սահմանափակում հիմնական օրենքներ ընդունելիս, դատավորների ընտրության հանձնաժողովի կազմի փոփոխություն, բայց այնպես, որ կոալիցիային չտրվի կառուցվածքային մեծամասնության։
Նախագահի խոսքով՝ երկիրը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ և «անդունդի եզրին է»։
Նեթանյահուի գլխավորած իշխող կոալիցիան շտապել է մերժել նախագահի առաջարկած ծրագիրը՝ դրանում չտեսնելով «իշխանական թևերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը»։
Միաժամանակ, Կնեսետն առաջին ընթերցմամբ արդեն հաստատել է օրինագիծը, որը թույլ է տալիս օրենսդիրներին բեկանել Գերագույն դատարանի որոշումները ձայների պարզ մեծամասնությամբ: