ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 14-ին առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:
Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է՝ Լաչինի միջանցքը արգելափակված է։
Նա իր երախտագիտությունն է հայտնել նաև Ֆրենկ Փալոնի կողմից Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի Պետական, արտաքին գործողությունների և ծրագրերի ենթահանձնաժողովին ուղղված նամակի համար, որը պահանջում է 2024 թ․ ֆինանսական տարում ՀՀ և Արցախի համար հատկացումների զգալի ավելացում։
Կոնգրեսականը հավաստիացրել է, որ ՀՀ-ի և Արցախի աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական։
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական համագործակցության խորացման հնարավոր ուղիները, ինչպես նաև խորհրդարանական փոխայցելությունների հարցեր։