ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը հանձնաժողովի անդամների հետ մարտի 16-ին այցելել են Երևանի Գևորգ Վարդանյանի անվան համար 192 հիմնական դպրոց:
Հյուրերի ներկայությամբ հանդիսավոր մթնոլորտում բացվել է ինժեներական լաբորատորիաների դասասենյակը, որը համալրված է հայկական արտադրության, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ինժեներական կրթական սարքավորումներով և անհրաժեշտ տեխնիկայով:
Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի փորձագիտական խորհրդի անդամների միջոցներով դպրոցի համար ձեռք է բերվել գույք, համակարգչային տեխնիկա, ինչպես նաև վերանորոգվել է դպրոցի դասասենյակ:
Ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ էլ դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարաններին փոխանցվել է ռուսաց լեզվի դասագրքերի մեծ խմբաքանակ:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները երկկողմ արդյունավետ համագործակցության եւս մեկ ապացույց են:
Դպրոցի դահլիճում հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող միջոցառումը դիտելուց հետո Հակոբ Արշակյանը և Յուրի Վորոբյովը եւս մեկ անգամ արձանագրել են, որ հայ և ռուս ժողովուրդների պատմամշակութային կապերն անհերքելի են և ուրախությամբ փաստել, որ նոր սերունդն այդ արժեքների կրողն ու շարունակողն է:
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած անձինք խրախուսվել են ԱԺ խորհրդանիշով՝ բրոնզե հուշամեդալով: