Կառավարությունը ՏԿԵ նախարարությանը հատկացրեց 2 մլրդ 865 մլն դրամ՝ մի շարք շինարարական նախագծեր սկսելու և շարունակելու համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նախագիծը երկու մասից է բաղկացած:
«Ունենք 5 օբյեկտ, որոնք ավարտվել են նախորդ տարի, և, որպես կանոն, մենք այդ ընդհանուր գումարի 5 տոկոսը պահում ենք: Հանձնաժողովը վերջնական ստուգումներն իրականացնում է, օբյեկտը վերցնում ենք շահագործման, նոր 5 տոկոսը վճարում ենք: 5 օբյեկտի համար 5 տոկոսները վճարելու նպատակով ընդհանուր 210 մլն դրամ այս նախագծով կվճարենք: Մյուսները 6 օբյեկտ են, որոնցից 2-ը նախորդ տարի սկսել ենք, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացանք ավարտել: Հիմա կշարունակենք. այս տարի կավարտենք, և այդ երկու օբյեկտի համար գումար ենք տրամադրում, ընդ որում՝ չկատարած մասի համար ենք տրամադրում: Եվ ընկերությունների համար կիրառվելու են նաև տույժեր, քանի որ 2022 թվականին պետք է ավարտեին և չեն ավարտել:
Ընդհանուր 2 մլրդ 865 մլնից 2 մլրդ 813 մլն-ը շինարարության կամ 5 տոկոսները վճարելու համար է, տեխնիկական հսկողության համար՝ 23,231,315 դրամ, հեղինակային հսկողության համար՝ 29,460,386 դրամ։»,- ասաց Գնել Սանոսյանը:
Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող և վերակառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 14,6 կմ է, որից հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 12,1 կմ, իսկ մարզային նշանակության ավտոճանապարհներ` 2,5կմ:
Խոսքը, մասնավորապես, Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի Աբովյան 1,4 կմ, Հ-5, Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհի Նոր Հաճն, Արգել, Լուսակերտ 10 կմ, Հ-75, Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ, Անիավան, Նորաշեն 12,1 կմ, Գյումրի համայնքի Օղակային փողոցի 2,5 կմ հատվածների մասին է:
Նախատեսվում են Մ-4, Երևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտի հատվածում բացակայող պարապետերի և փլուզված հողային պաստառի շեպի և կողնակի վերականգնման, Մ-4, Երևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ, Հաղարծին, Հովք առանձին հատվածներում ստորին հենապատերի կառուցման աշխատանքներ:
Ավարտվել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գետափ 2 կմ հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերակագնման, Մ-11, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի, Զոլաքար 5,9 կմ հատվածի, Հ-8, Այնթապ-Արտաշատ ավտոճանապարհի Արտաշատ, Շահումյան, Տափերական 5,2 կմ և Նոր Կյանք, Ոսկետափ 3,5 կմ հատվածների, Հ-46, /Մ-2/-Տաթև- Աղվանի-/Մ-2/ (Սյունիք) ավտոճանապարհի դեպի Շրվենանց թեքվող մասից մինչև Սյունիք 13,0 կմ հատվածի, Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի (Մ-10-ի շրջանց) 4 կմ հատվածի շինաշխատանքները: