ՀԱՍՏԱՏՎԵՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030-ի զարգացման վերաբերյալ օրենքից բխող գործողությունների ծրագիրը: ԿԳՄՍ նախարարը նշեց, որ մեծածավալ փասատաթուղթն արտացոլում է կրթության ռազմավարության 3 հիմնական ուղղությունները, որոնցից ամենակարևորը համընդհանոր ներառական, որակյալ, հասանելի կրթական ծառայությունների ստեղծումն է:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Նաև կրթության արդյունավետության բարձրացումը, նաև ռազմավարությունը հստակ շեշտադրում է անում նաև կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացման և ՀՀ դերը գլոբալ կրթական համակարգում փոխակերպելու ուղղությամբ:
Խոշոր ծրագրերից՝ Կապանի օրինակով, գյուղերում կստեղծվեն դպրոցական և նախադպրոցական որակյալ ծառայություններով կրթահամալիրներ, որոնց թիվը 2030-ին կհասնի 156-ի: Խոշորացված բոլոր համայնքները կունանան մսուրի ծառայություն: Կրեդիտնային համակարգը կգործի դպրոցների 90 տոկոսում: Խոշոր ռեֆորմներ են նախատեսվում բուհական համակարգում: Պետական բուհերի թիվը կհասցվի մինչև 8-ի: Կստեղծվի Ակադեմիական քաղաք:
ՀԱՍՏԱՏՎԵՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Չզեկուցվող փաթեթով հաստատվեց ուսուցիչների ատեստավորման կարգի փոփոխությունը:
Ժաննա Անդրեասյան - Հնարավորություն ենք ընձեռում նաև այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը: Հաջող արդյունքի պարագայում ունենալ ավելի մեծ մոտիվացիա դպրոց մտնելու:
Համակարգը ներդրվել է 2021-ին: Կամավոր ատեստավորման միջոցով արդեն 1 565 ուսուցչի աշխատավարձ կրկնապատկվել է:
Ժաննա Անդրեասյան - Եթե միջին դրույքաչափը 125 հազար է, ապա միջին եկամուտը միայն կամավոր ատեստավորման արդյունքում կազմում է 250 հազար դրամ և ավելի, իսկ առավելագույնը ունենք 450 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: Ուսուցիչների շուրջ 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն, և ունենք շուրջ 150 ուսուցիչ, որոնք ստանում են 350 հազարից 450 հազար դրամ վարձատրություն:
Այս տարի ատեստավորմանը կկարողանան մասնակցել բոլոր դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Մինչև մարտի վերջ կսկսվի դիմումների ընդունումը: Մարտի 9-ից ընդունվում են նաև մանկապարտեզների մանկավարժների դիմումները, որտեղ 30-50 տոկոս հավելավճար է գործում: Վարչապետն անդրադարձավ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին, որով կենսաթոշակի տարիքն աշխատանքից ազատման հիմք չէ. կարգավորումը վերաբերում է նաև ուսուցիչներին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Լավ մեխանիզմ է, որ եթե անցել են ատեստավորումը, 3-րդ տարում ատեստավորում չանցած որևէ ուսուցիչ չի աշխատի դպրոցում: Լավ մոտիվացիա է, որ կենսաթոշակի տարիքի մեր ուսուցիչները ատեստավորվեն. նախ աշխատավարձը կբարձրանա, հետո՝ այլ մտահոգությունները կփարատվեն, հետո՝ ուսուցիչների կադրային բազան լրացնելու հնարավորությունը կօգտագործենք:
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Քննարկվում է «Կամավորության մասին» օրենքի նախագիծը: Որպեսզի սկսնակ կադրերի համար ատեստավորման պահանջը դպրոց մուտքի խոչընդոտ չդառնա, վարչապետի խոսքով՝ կարելի է քննարկել նորավարտ մասնագետին պայմաններ առաջարկել գործը սկսել դպրոցում կամավորությունից:
Նիկոլ Փաշինյան - Այսպիսի մեխանիզմներով կարող ենք բարեփոխումն ավելի արդյունավետ դարձնել: Ե՛վ երիտասարդներին սահուն ներգրավելու համար, որակական ստանդարտները պահելով, և՛ փորձառուներին: Գյուղերում ուսուցիչների խնդիր ունենք: Կարող ենք մտածել էս ուղղությամբ, որ շատ երիտասարդ ուսուցիչներ իրենց աշխատանքային փորձը սկսեն գյուղերում, շատերին կարող է կարող է դուր գալ, մնալ այնտեղ, մանավանդ որ բարձր աշխատավարձը պահելու ենք նաև այնտեղ: Գուցե պետք է հատուկ կարգավորմամբ ասել, որ Երևանում աշխատելու համար պետք է աշխատանքային փորձ, որը համարվում է նաև կամավորությունը: Գուցե նաև աշխատավարձով լրացնենք, վճարենք կամավորներին, որ շահագրգռություն ունենան գյուղերում աշխատել:
Նախարարը տեղեկացրեց, որ շուտով կմեկնարկի գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչների հավելավճարների ծրագիրը:
ԿՆԵՐԿՐՎԵՆ ԵՎ ԿԳՈՐԾԱՐԿՎԵՆ ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ
Հաջորդ որոշմամբ՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ -ն ազատվեց սարքերի ներմուծման մաքսատուրքից: Նախագիծն ուղղված է Երևանում ուղևորափոխադրումների որակի բարձրացմանը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Նախատեսվում է ներկրել 150 ZhontongBus Euro 5 բնապահպանական ստանդարտի ավտոբուսներ: Նախատեսվում է ներմուծել 6,6 մլրդ դրամի ավտոբուսներ և դրանց պահեստամասեր ու ստեղծել 492 նոր աշխատատեղ մինչև 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:
Ի պատասխան վարչապետի հարցի՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ 87 ՄԱՆ և 150 Zhontong ավտոբուսները Հայաստանում են: Մաքսազերծումից հետո՝ մոտ 1 ամսից, երթուղի կարող են դուրս գալ: Նա տեղեկացրեց նաև, որ զուգահեռ անցկացվում են մրցույթները:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Իներցիոն պրակտիկա ենք ունեցել քաղաքապետարանում, որ ավտոբուսների ներկրման դեպքում երբևէ ո՛չ ԱԱՀ հարկ է բյուջետավորվել, ո՛չ մաքստուրք, ամեն անգամ ինչ-որ լուծումներ են փնտրվել: ՄԱՆ ավտոբուսները սպասում էինք ամռանը, 4-5 ամիս շուտ ենք ստացել, բախվել այս խնդրին: Ներողություն եմ խնդրում, որ ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 ավտոբուս կտեսնենք, ցավոք տեղի չի ունեցել:
Ավտոբուսների քանակն այս պահին, ըստ Ավինյանի, բավարար չէ Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար: Խնդիրն էականորեն կլուծվի, երբ նոր 237 ավտոբուսները մտնեն գիծ: HIGER չինական ավտոբուսները նորոգվում են և նույնպես երթուղի կմտնեն: Խնդիրն էականորեն մեղմվելու է, բայց սա դեռ համակարգային լուծում չէ: Ավինյանի խոսքով՝ միասնական տոմսային համակարգի ներդրման համար հաղթող կա, այս տարվանից այն կներդրվի ավտոբուսներում և մետրոյում:
Տիգրան Ավինյան - Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ և բերվելու է մեկ տրամաբանության: Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ, ամենայն հավանականությամբ, այս տարվանից, որը առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվելու են ավտոբուսից: Որովհետև ավտոբուսը խցանումների մեջ չի լինելու, և մեր նպատակն է հնարավորինս բոլորին մղել դեպի հանրային տրանսպորտ, որպեսզի մեր քաղաքի խցանումների ծավալը նույնպես նվազեցնենք:
Կտեղադրվեն նոր կանգառասրահներ, կստեղծվի կառավարման համակարգ՝ ցույց տալով, թե որ ավտոբուսը երբ կժամանի:
Նիկոլ Փաշինյան - Կանգառո՞ւմ են իմանալու, թե՞ օնլայն՞ Օնլայն տեսնի, որ 5 րոպեից է մոտենալու, իջնի 40 վայրկյան առաջ, հիմա տեխնոլոգիաները թույլ տալիս են:
Տիգրան Ավինյան - Այո, դա ունենալու ենք վստահաբար:
ՄՈՏ 2,9 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մոտ 2,9 մլրդ դրամ հատկացվեց ճանապարհաշինական աշխատանքների համար: Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս 2018-ից խնդիր էր դրվել հիմնանորոգել Սևանա լիճը շրջապատող բոլոր ճանապարհները: Վերջերս այնտեղ այցի ընթացքում արձանագրել է, որ խնդիրը 90 տոկոսով լուծվել է: