ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել են ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված բարեկամական կապերը, նշել է, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը կարևոր տեղ է գրավում:
Նախարարի խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունը նպաստում են երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է հայ-ղազախական բարեկամական համագործակցության շրջանակում միջբուհական համագործակցության կայուն զարգացման ապահովման հնարավորությանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ:
Ժաննա Անդրեասյանը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:
Նրա խոսքով՝ նմանօրինակ համագործակցությունը գիտական նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման առումով հեռանկարային է: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև երկու երկրների միջև մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խորացումն ու զարգացումը. «Այս տարի գարնանը ՀՀ մայրաքաղաքում անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի, իսկ աշնանը՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը»:
Ժաննա Անդրեասյանը Բոլատ Իմանբաևին տեղեկացրել է, որ 2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, և ցանկալի կլինի Ղազախստանի մշակույթի գործիչների մասնակցությունը հոբելյանական միջոցառումներին:
Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել ղազախական կողմի նախաձեռնություններին աջակցելու համար` նշելով, որ այս պահին երկու երկրների կառավարությունների, գերատեսչությունների և բուհերի միջև գոյություն ունի երկկողմ արդյունավետ համագործակցություն, որն անընդհատ զարգանում ու առավել խորանում է:
Բոլատ Իմանբաևը խոսել է նաև Ղազախստանում հայկական համայնքի գործունեության մասին՝ փաստելով, որ այն կարևոր նպաստ է բերում երկու երկրների բարեկամության ամրապնդմանը:
Դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ղազախստանի համատեղ միջոցառումներին՝ կարևորելով «Ղազախստանի մշակույթի օրերը Հայաստանում» և «Հայաստանի մշակույթի օրերը Ղազախստանում» ծրագրերի անցկացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր: