ԱԷՄԳ-ի տեսուչները պարզել են, որ Լիբիայի պահման վայրերից մոտ 2,5 տոննա ուրան է անհետացել։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հայտարարությունը։
Մարտի 14-ին ԱԷՄԳ-ի տեսուչները ստուգման ժամանակ «պարզել են, որ 10 տակառներ, որոնք պարունակում էին մոտավորապես 2,5 տոննա բնական ուրան՝ ուրանի խտանյութի տեսքով, և որոնք, ըստ Լիբիայի հայտարարության, այնտեղ պետք է լինեին, բացակայում են»,-գործակալությունը մեջբերել է գլխավոր տնօրենի խոսքերը։
Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ը «հետագա գործողություններ» կձեռնարկի՝ պարզելու ուրանի դուրսբերման և գտնվելու վայրի հանգամանքները։ Գործակալության ղեկավարը մտահոգություն է հայտնում կատարվածի հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ միջուկային անվտանգության նկատառումներից ելնելով՝ հայտնում է Reuters-ը։