Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում շահառուներին հատուցման գումարների վճարումներն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերի ստացման գործընթացի կատարելագործման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ այդմ՝ նախատեսվում է կատարելագործել գործող կարգավորումները և անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքերում որոշման 1-ին հավելվածով սահմանված գործընթացն իրականացնել նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման նախաձեռնությամբ` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ:
Ըստ այդմ՝ առանց զոհվածի ընտանիքի անդամների Երևան այցելության կապահովվի հատուցման դեպքի հանգամանքների և որոշմամբ սահմանված այլ փաստաթղթերի ստացումը, հատուցման գործերի կազմումը և հատուցման գումարների վճարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ու անվանացուցակների հատուցման հիմնադրամին ներկայացումը: Այսինքն՝ հատուցման հիմնադրամ ներկայացվող փաստաթղթերի ստացումը կիրականացվի շահառուների բնակավայրերում:
«Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում և զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակում 2022 թ. կնքված և 2023 թ. շարունակվող ֆինանսական պարտավորությունների մարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:
Ըստ հիմնավորման՝ 2022 թ. միջոցառման իրականացման համար հատկացվել է 65,500.0 հազ. դրամ: 2022 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ նպատակով կնքվել է 276 պայմանագիր և փաստացի ծախսը կազմել է 59,373.3 հազ. դրամ։ 276 պայմանագրերից 94-ը կնքվել է ծրագրի մասնագիտական ուսուցման, 13-ը՝ աշխատանքային փորձի ձեռքբերման, իսկ 169-ը՝ միանվագ փոխհատուցման ուղղություններով։ Կնքված պայմանագրերի շրջանակում շարունակվող ֆինանսական պարտավորությունները կազմում են 76,924.5 հազ. դրամ, որոնք պետք է մարվեն այս տարվա ընթացքում։ Ըստ այդմ՝ շարունակվող ֆինանսական պարտավորությունը կազմում է 76,924.5 հազ. դրամ, որը պետք է մարվի 2023 թ. ընթացքում։