Գյումրու ավագանին այսօր համայնքի ղեկավարի տեղակալ ընտրեց։ Հոկտեմբերի կեսերից՝ Դավիթ Առուշանյանի` պատգամավոր դառնալուց հետո, Գյումրու երկրորդ փոխքաղաքապետի հաստիքը թափուր էր։ Համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը այս պաշտոնում ներկայացրել էր ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վագահն Մկրտչյանի թեկնածությունը։
Վահագն Մկրտչյան (Գյումրու ավագանու անդամ) - Ինձ համար մեծ պատիվ և շատ մեծ պատասխանատվություն է լինել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում առաջադրված:
Ծնվել է Գյումրիում, մասնագիտությամբ բժիշկ է, զբաղվել է նաև բիզնես գործունեությամբ՝ ներկայացավ թեկնածուն։
Ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին հարց ուներ։
Վարդևան Հակոբյան (Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար) - Ինչն է հիմք հանդիսացել Վահագն Մկրտչյանին ներկայացնելու համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Հաշվի է առնվել նրա կազմակերպչական փորձը՝ ասաց Սամսոնյանը։ 21 կողմ, 3 ձեռնպահ, 4 դեմ ձայներով Վագահն Մկրտչյանն ընտրվեց Գյումրու փոխքաղաքապետ:
Լրագրողների հետ զրույցում նորընտիր փոխքաղաքապետը խոստովանեց, որ իր անձի շուրջ հետաքրքրությունն ու այդ պաշտոնում առաջադրումը ինտիրգ էր առաջացրել այն պատճառով, որ ազգակցական հեռավոր կապեր ունի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Վահագն Մկրտչյան (Գյումրու փոխքաղաքապետ) - Կապը կա, հաստատում եմ, չեմ ժխտում: Թե՛ մեր քաղաքը, թե՛ երկիրը շատ փոքր են, եթե գտնենք մարդ, որ ինչ-որ ազգակցական, ընկերական, մտերմիկ կապ չունի ինչ-որ մի պաշտոնյայի, ինչ-որ մի իշխանության կամ մարդու հետ, ինձ թվում է՝ դա բացառված է։
Շեշտեց՝ իր առաջադրման հարցում ազգակցական կապերը դեր չեն խաղացել:
Վահագն Մկրտչյան - Պատասխանատվությունը վախեցնող է, ստիմուլ է։ Իմ ընտանիքը միշտ Գյումրիում հպարտ է քայլել: Այնպես եմ անելու, որ գլուխ կախելու առիթ չունենա:
Գյումրու ավագանու նիստում Մշակույթի բաժնի պատասխանատուն էլ հանդես եկավ առաջարկով՝ պարգևավճարներ հատկացնել արվեստի և երաժշտության բնագավառի շնորհալիներին։
Լիլիթ Թովմասյան (Գյումրու քաղաքապետարանի մշակույթի պատասխանատու) - Ձեր որոշմանն ենք ներկայացնում 2022 թ. ընթացքում հանրապետական դափնեկիրների` 14 ուսուցչի և 33 աշակերտի։
Նախագիծն ընդունվեց միաձայն։ Ավագանին հավանության արժանացրեց նաև Կրթության բաժնի պատասխանատու Շողիկ Ալեքսանյանի առաջարկը․ Գյումրիում ապրող արցախցի փոքրիկների համար մանկապարտեզի վարձավճարը 50 տոկոսով կզեղչվի։