Հովվապետական այցով Աթենքում գտնվող Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը մարտի 15-ին այցելել է Հունաստանում ՀՀ դեսպանություն՝ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերեանի, կաթողիկոսութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Գրիգոր Մահսէրէճեանի, Ազգային վարչութեան ատենապետ Թագվոր Հովակիմեանի, Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Հովհաննես ծայրագույն վարդապետ Սաղտըճեանի ուղեկցությամբ:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է խոսել Աթենք իր այցի վերաբերյալ՝ ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչության կարևոր ներդրումը հայ-հունական ավանդական բաեկամական հարաբերությունների պահպանման և զարգացման հարցում:
Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստան-Հունաստան ավանդական բարեկամական հարաբերությունների ներկա վիճակը:
Վեհափառն ընդգծել է հայկական օրակարգի առաջմղման նպատակով համայն հայության ջանքերի ուղղորդման կարևորությունը:
Այս համատեքստում քննարկվել են հայկական սփյուռքին առնչվող տարբեր թեմաներ: