Կորոնավարակի ամբողջ ընթացքում ֆինանսական հատկացումներ եղել են քովիդ սպասարկող բոլոր բժշկական կենտրոններին, 2021-ին ևս շարունակվում էր համավարակը, և այդ ընթացքում «Մեդլայնը» ընդգրկված է եղել ֆինանսական հատկացում ստացող բժշկական կենտրոնների շարքում՝ հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:
Հիշեցնենք՝ հնարավոր չարաշահումների համար կալանավորվել են Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և «Մեդլայն Կլինիկ» ընկերության տնօրենը, կան նաև ձերբակալվածներ:
Ավանեսյանը վստահեցրել է, որ ամենևին մտահոգված չէ, որ քովիդի քրեական գործով կարող են հարցաքննվել նաև նախարարները, ավելին՝ եթե իրավապահ համակարգը հարկ համարի, ապա պատրաստ է հարցաքննության:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այս չարաշահումների մասին խոսել է Հաշվեքննիչ պալատը, Ավանեսյանն արձագանքել է. «Երբ Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է իր դիտարկումները, ես բավական երկար տևող նիստի ընթացքում մանրակրկիտ անդրադարձա առաջ քաշված հարցերին:
Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ Հաշվեքննիչ պալատի զեկույցի հիման վրա պետք է հաջորդ էտապներ լինեին՝ հասկանալու, թե նման փաստեր տեղի ունեցել են թե ոչ: Կարծում եմ՝ պրոցեսը նորմալ գործընթացով առաջ է գնում»:
Հեղինակ՝ Անի Օհանյան