«Առողջապահության ոլորտում հայ-իրաքյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու բոլոր հնարավորություններն առկա են»,- հայ-իրաքյան պառալամենտական խմբի անդամներին ողջունելով՝ վստահեցրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Փոխնախարարի խոսքով` թեև 2012 թվականից երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև կա փոխգործակցության համաձայնագիր, այժմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում:
Իրաքի ներկայացուցիչները, խոսելով իրենց երկրում առողջապահական բարեփոխումների մասին, կարևորել են փորձի փոխանակումը, հատկապես առողջապահական ապահովագրության համատեսքտում: Իրենց երկրում էլ ներկայումս առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրումը նախնական փուլում է:
Պատվիրակության անդամների խոսքով` մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջև զբոսաշրջային առողջապահությունը զարգացնելու:
Վերջերս Իրաքի երկու քաղաքացի Հայաստան է եկել մեր երկրում սրտաբանական ծառայություններ ստանալու:
Նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է Իրաքի ոչ միայն այդ երկու քաղաքացիներին տրամադրել բժշկակական ծառայություններ սրտաբանական ոլորտում, այլև օտարերկրյա մյուս բուժառուներին ևս մատուցել բժշկական բարձրորակ այլ ծառայություններ:
Հանդիպման վերջում Իրաքի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելել երևանյան բժշկական կենտրոններ, տեղում ծանոթանալ առկա հնարավորություններին: