Երևանում ապրիլին մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ամենակարևորներից է 2023 թվականի հանրային կյանքում. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են առաջնության կազմկոմիտեի անդամները:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր մարզական միջոցառման մեկնարկի առիթով: Այն մեր հանրային կյանքում լինելու է ամենակարևորներից մեկն այս տարի: Արդեն վաղը կտանք հետհաշվարկի մեկնարկը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Այս պահին մասնակցության նախնական հայտ է ներկայացրել ավելի քան 40 երկիր՝ 500 մարզիկով»,- տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ հետհաշվարկի արարողությունը կկայանա մարտի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հյուսիսային պողոտայում:
Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մարզական այս մեծ միջոցառումը, իհարկե, նախևառաջ ունի մարզական հետաքրքրություն, բայց սա նաև միջոց է ոլորտի զարգացմանը նպաստելու և մեր պետության՝ որպես մարզական կենտրոնի դերը բարձրացնելու համար:
«Յուրաքանչյուր նմանօրինակ մրցման հայտ ներկայացնելիս մենք ֆեդերացիաներին և կազմակերպիչներին ասում ենք, որ անելու ենք առավելագույնը և նոր նշաձողեր ենք սահմանելու: Այդպես եղավ նախորդ տարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պարագայում: Այդպես կլինի նաև այս անգամ: Ապրիլին Երևանը դառնալու է Եվրոպայի ծանրամարտի մայրաքաղաքը: Կազմակերպիչները շատ ներկայանալի և դիտարժան շոու են խոստանում բացման արարողության ժամանակ: Մենք ներկայանալու ենք ոչ միայն որպես սպորտի, այլև մշակույթի, արվեստի և զվարճանքի կենտրոն»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Եվրոպայի առաջնության շրջանակում անցկացվելու է նաև մարզաձևի եվրոպական կոնֆեդերացիայի գագաթնաժողովը, որը ևս նշանակալի իրադարձություն է:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն աշխատում է ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելու ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին կվերադարձվի իր պատմական առաքելությունը.
«Այսօր Հայաստանում պատմական իրադարձություն է տեղի ունենում: Ուղիղ 40 տարի առաջ Մարզահամերգային համալիրը կառուցվեց նաև ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելու համար, սակայն այն տեղի չունեցավ, և հիմա՝ 40 տարի անց, մենք համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը»,- ասել է Կարեն Գիլոյանը և ընդգծել, որ կազմակերպչական առումով որևէ խնդիր չի լինի:
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ծանրորդներն էլ լավագույնս հանդես կգան, բարձր կպահեն Հայաստանի պատիվը և նրանց շնորհիվ կբարձրանա ՀՀ դրոշը:
Բանախոսներն անդրադարձել են նաև Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Ադրբեջանը նախնական հայտ է ներկայացրել 6 մարզիկով: Բոլոր հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր երեկոյան է:
«Ցանկացած նման մեծ միջոցառումներ անցկացնելու հայտ ներկայացնելիս յուրաքանչյուր երկիր երաշխավորում է տվյալ մայրցամաքի ֆեդերացիաների անվտանգ և անխոչընդոտ մասնակցությունը տվյալ մրցաշարին: Պատրաստ ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին և ապահովել բոլորի մասնակցությունը: Մենք պարտավորվում ենք հյուրընկալել բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որոնք մասնակցության հայտ ներկայացնելու իրավունք ունեն»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Բանախոսները տեղեկացրել են նաև, որ առաջնության մուտքը լինելու է տոմսերով, որոնք կլինեն վաճառքում և, ամենայն հավանականությամբ, կարժենան 1000-ից 10 հազար դրամ:
«Ծանրամարտն ամենադիտարժան և սիրելի մարզաձևերից է Հայաստանում: Կարծում ենք՝ տրիբունաներում մեծ թիվ կկազմեն երկրպագուները և կոգևորեն հայ մարզիկներին՝ սեփական պատերի ներքո լավագույնս հանդես գալու»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Միջազգային կարգի մրցավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչ Արայիկ Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականները լավագույնս նախապատրաստվում են տնային ԵԱ-ին՝ ուսումնամարզական հավաքներ անցկացնելով: Արայիկ Ալավերդյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանից առաջնությունը կսպասարկի 3 մրցավար, այդ թվում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
Հիշեցնենք՝ առաջնությունը Երևանում անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին: