ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ ՀԱՍՆՈՒՄ Է 14 ՄԻԼԻՈՆԻ. ԷՐԴՈՂԱՆ
Անկարայում ընթանում է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովը։ Իր բացման խոսքում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ արտահերթ այս գագաթնաժողովը թյուրքական աշխարհի միասնության և համախմբվածության ևս մեկ ցուցանիշ է։ Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ արտահերթ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնության համար: Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի հետևանքների վրա, որոնք խլել են ավելի քան 49 հազար մարդու կյանք, ավելի քան 115 հազար հոգի վիրավորվել է։ Էրդողանի խոսքով Թուրքիայում աղետի գոտու բնակչության թիվը հասնում է 14 միլիոնի։ Գագաթնաժողովի ընթացքում Էրդողանը կարևորել է բնական աղետների հետևանքների դեմ պայքարի մեխանիզմների ստեղծումը։ Անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական գործընթացներին։ Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամին՝ Էրդողանը վստահեցրել է, որ «Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման ուղղությամբ։
ԵՄ-Ն ԿԱՐՈՂ Է 40 ՄԼՆ ԵՎՐՈ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ
Եվրամիությունը կարող է Խաղաղության եվրոպական հիմնադրամից 40 միլիոն եվրո տրամադրել Քիշնևին՝ օդային հսկողությունը, նյութատեխնիկական ապահովումը և կիբերպաանվտանգությունն ուժեղացնելու համար` գրում է Bloomberg-ը։ Դաշինքի աջակցությունը կներառի ոչ մահաբեր զենքեր և ցամաքային շարժական ռադարներ, պիկապ մեքենաներ, ինչպես նաև կապի սարքավորումներ և ծրագրային ապահովում՝ երկրի ՏՏ ենթակառուցվածքը ամրապնդելու համար:Հստակեցվում է, որ նախորդ շաբաթ միության արտաքին քաղաքականության վարչությունը համապատասխան առաջարկ է ուղարկել անդամ երկրներին։ Նշվում է, որ Մոլդովայի կառավարությունն փետրվարին օգնության խնդրանքով դիմել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպել է վարչապետ Էլիզաբեթ Բորնի և մի շարք նախարարների հետ՝ քննարկելու կենսաթոշակային տարիքի բարձրացման օրինագիծը, որը երկրում լուրջ դժգոհությունների ու բողոքի ցույցերի պատճառ է դարձել: Հանդիպման ընթացքում քննարկվել է բարեփոխումների նախագծի մերժման դեպքում խորհրդարանի ստորին պալատը ցրելու հնարավորության հարցը։ Հանդիպումից հետո Էլիզաբեթ Բորնը նշել է, որ լուծարման մասին որոշում դեռ չկա։ Ֆրանսիայի իշխանությունները նոր փոփոխություններով նախատեսում են կենսաթոշակային տարիքը 62-ից դարձնել 64։
ԼԱՐՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Դատական բարեփոխումների շուրջ կատաղի պայքարն Իսրայելին կանգնեցրել է «քաղաքացիական պատերազմի շեմին»՝ հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը: Նա առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկած դատաիրավական բարեփոխումների նախագծում: Իսրայելի ընդդիմադիր քաղաքական գործիչները ողջունել են Հերցոգի առաջարկը, սակայն վարչապետը մերժել է նախագահի առաջարկը։
Նեթանյահուն նշել է, որ նախագահի նախաձեռնությունը չի համաձայնեցվել կոալիցիայի կողմից: «Նրա առաջարկի հիմնական դրույթները միայն կվատթարացնեն իրավիճակը և չեն կարող երաշխավորել Իսրայելում իշխանության թևերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետի առաջարկած դատաիրավական բարեփոխումների ծրագրերը զանգվածային բողոքի ալիք են բարձրացրել Իսրայելում։