Ֆրանսիայի Սենատը հինգշաբթի տեղի ունեցած վերջնական քվեարկությամբ 193 կողմ, 114 դեմ ձայներով հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագծին, որը զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել երկրում՝ գրում է Le Figaro թերթը։
Սենատորները հավանություն են տվել օրինագծին, որը նախօրեին համաձայնեցրել էր երկու խորհրդարանական պալատների համատեղ հանձնաժողովը։ Խորհրդակցությունների ընթացքում մի շարք մանրամասների շուրջ հակասությունները լուծվել են, սակայն կենսաթոշակային տարիքը 64-ը սահմանելու հիմնական դրույթը կասկածի տակ չի դրվել։
Օրինագիծն ավելի ուշ կներկայացվի Ազգային ժողովի (ստորին պալատ) պատգամավորներին՝ մինչև հետագա վերջնական քվեարկությունը։
Չորեքշաբթի նախագահ Մակրոնը հանդիպում էր անցկացրել կառավարության անդամների հետ, որում, ըստ մամուլի տեղեկությունների, չէր բացառել Ազգային ժողովի լուծարումը օրինագծի քվեարկության տապալման դեպքում և նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը։