Ռուսաստանի իշխանությունները հաստատել են, որ փորձում են Սև ծովի հատակից բարձրացնել նախօրեին կործանված ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքի բեկորները։ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներն ասում են, որ դա անելը չափազանց դժվար կլինի, միաժամանակ պնդում են, որ անօդաչու թռչող սարքում պարունակվող ցանկացած արժեքավոր տեղեկություն ոչնչացվել է՝ գրում է BBC-ն։
Ըստ ամերիկյան կողմի՝ երեքշաբթի MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքը Սև ծովի չեզոք հատվածի երկնքում բախվել է ռուսական Սու-27 կործանիչին և ընկել ծովը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է բախումը և պնդում, որ անօդաչու թռչող սարքն անջատված հաղորդիչներով թռչում էր Ղրիմի ուղղությամբ:
Չորեքշաբթի ամերիկյան և ռուսական ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև երկու հեռախոսազրույց է եղել Սև ծովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Բանակցությունները վարել են երկու երկրի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև շտաբի պետեր Մարկ Միլին և Վալերի Գերասիմովը։
ՌԴ նախարարի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել, քանի որ ամերիկյան կողմը չի հետևել թռիչքների սահմանափակման գոտու մասին Ռուսաստանի հայտարարությանը, Ղրիմի ափերի մոտ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի թռիչքներն էլ որակել է «սադրանք, որոնք նախադրյալներ են ստեղծում իրավիճակի սրման համար»։