Starmus-ի համահիմնադիր, Queen խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյին ասպետի կոչում է շնորհվել՝ տեղեկանում ենք փառատոնի Ֆեյսբուքի էջից:
Այն, որ լեգենդար երաժիշտը ստանալու է այդ կոչումը, պարզ էր դարձել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակվել էր ամանորյա պետական պարգևների արժանացած անձանց անունների ցանկը: Սակայն կոչումի հանձնման պաշտոնական արարողությունը կայացել է բոլորովին վերջերս` մարտի 14-ին` Բուքինգհեմյան պալատում, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը պարգևատրել է Բրայան Մեյին՝ երաժշտության, աստղագիտության և վայրի կենդանիների պաշտպանության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար:
«Ես և թագավորը հասակակից ենք և տարբեր ժամանակներում շփվելու առիթներ ենք ունեցել: Այս կոչումը ստանալը, կարծում եմ, նման է խրախուսանքի, երբ դպրոցում ոսկե աստղ ես ստանում: Հնարավոր է, դու ինչ-որ բան արել ես և գիտես, թե ինչի ես հասել, բայց, երբ վերևից ստանում ես «հաստատման այս կնիքը», ապա շատ լավ զգացողություններ ես ունենում. սա շատ յուրահատուկ է»,- ասել է Մեյը: