Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստությունների վտանգը:
«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա:
Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում:
Այս արձանագրումը, մեծ հաշվով, առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի փակումը ԼՂ ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքներ»,- ասաց նա:
Այս իմաստով Փաշինյանը կարևոր և անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ:
«Խոսքը, մասնավորապես, Միացյալ ազգերի կազմակերպության շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է: Այս մասին ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,- ասաց Փաշինյանը: