Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այն դեպքում, եթե թուրքական զորքերը դուրս բերվեն Արաբական Հանրապետությունից: Այս պայմանը նա հայտնել է ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում։
Ասադն ընդգծել է, որ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Սիրիայի տարածքից, դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը և վերադառնա այն իրավիճակին, որը եղել է մինչև պատերազմը։
«Սա միակ տարբերակն է, որով կարող է կայանալ իմ հանդիպումը Էրդողանի հետ»,- վստահեցրել է Ասադը։
Նախագահը նաև մատնանշել է այն բացասական դերը, որ Թուրքիան խաղացել է Սիրիայի պատերազմում՝ աջակցելով ահաբեկչական կազմակերպություններին։ «Մեզ համար Թուրքիան զավթիչ պետություն է»,- եզրափակել է Սիրիայի նախագահը:
2018 թվականից ի վեր Թուրքիան բազմիցս ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայում, որոնց նպատակը, Անկարայի պնդմամբ, Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ոչնչացումն է, ինչպես նաև պայքարը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ։