Հայաստանում կստեղծվի Քրեակատարողական ծառայության նոր մոդել: Ծրագիրը կփորձարկվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի խոսքով՝ պարեկային ծառայության մոդելով Քրեակատարողականը կհամալրվի նոր՝ վերապատրաստված ծառայողներով՝ նոր հագուստով, նոր զինատեսակներով և բարձր աշխատավարձով: Նպատակն է՝ ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական ծառայություն:
Սերգեյ Ատոմյան (ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր) - Հիմնական սկզբունքը դա է, որ քրեակատարողական ծառայողը պետք է օրենքով նախատեսված իր պարտականությունները կատարի, որևէ կաշկանդվածություն չունենա, որևէ խնդիր չունենա դատապարտյալի, ոչ ոտնահարի նրա իրավունքներն ու պարտականությունները, ոչ էլ որևէ թողտվություն թույլ տա դատապարտյալին կամ կալանավորված անձին:
Այսօր գործող բարձրորակ մասնագետները ևս կշարունակեն ծառայությունը, նշեց Ատոմյանը՝ հավելելով, որ ծառայությունը ոչ պատշաճ կատարողների նկատմամբ դրսևորում Է խիստ վերաբերմունք: 2022-ին իրականացվել է 140 ծառայողական քննություն, կայացվել ծառայության դադարեցման 16, խիստ նկատողության՝ 50 որոշում:
Սերգեյ Ատոմյան - Բարեփոխումը, որ կուզեի նշել քրեական ենթամշակույթի և կարգուկանոնի ապահովման համար. «Արմավիր» ՔԿՀ-ն, որը մեր քրեակատարողականներից ամենամեծն է, մոտ 42 տոկոս՝ դատապարտյալների և կալանավորների, գտնվում Է «Արմավիր» ՔԿՀ-ում: Մեր գերխնդիրն է «Արմավիր» ՔԿՀ-ն առաջնահերթ ավելի պատշաճ, բարեկեցիկ պայմաններ ապահովել, վերահսկելի դարձնել: Տեսահսկման համակարգ ենք տեղադրել, որտեղ հսկվում է ողջ շարժը:
Իրավախախտումներն արձանագրվում են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող օպերատիվ կառավարման կենտրոնի միջոցով: Նախատեսվում է ներդնել օպերատիվ ստորաբաժանման նոր մոդել, ստեղծել կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն, որի միջոցով տեղեկատվությունն ավելի արագ տեղ կհասնի, և կտրվեն օպերատիվ արձագանքման վերաբերյալ հանձնարարականներ:
Հայրապետ Անանյան («Արմավիր» ՔԿՀ պետի տեղակալ) - Նախկինում սենյակները նախատեսված են եղել կարճատև տեսակացությունների համար: Ներկայումս չեն օգտագործվում սենյակները տեսակցությունների համար:
Հիմնանորոգվել են նոր սենյակներ, որտեղ ազատազրկված անձն ու փաստաբանը առաջին անգամ կունենան տեսակապի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն:
Հայրապետ Անանյան - Նոր օդափոխության համակարգով, կունենանք համակարգիչներ, համապատասխան հավելվածով, որոնք փաստաբանների հետ կարող են կապվել: Մեկը նաև հաշմանդամների համար է, մեծ է: Սենյակներն ամբողջությամբ ձայնամեկուսացված են:
ՔԿՀ-ներում գտնվում է 2415 դատապարտված և կալանավորված անձ: Բեռնվածության խնդիր այս պահին չկա: Հիմնական դժգոհությունները լինում են ազատազրկված անձանց պահման պայմանների առնչությամբ: Քրեակատարողական ծառայության ղեկավարի խոսքով՝ 2022-ին իրականացվել է ավելի քան 1 մլրդ դրամի շինբարեկարգման աշխատանք:
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները, տեղադրվել՝ օդափոխության, հակահրդեհային նոր համակարգեր: «Նուբարաշենում» կկառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ: 6 ամիս անց արդեն կհայտարարվի շինմրցույթ: Նոր ՔԿՀ-ի կառուցումից հետո կփակվի Երևանում գործող քրեակատարողական 4 հիմնարկ: Ըստ Ատոմյանի՝ 2022-ին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է մոտ 45 տոկոսով ավելի թմրանյութ, քան 2021-ին: Գերխնդիրը թմրամիջոցների դեմ պայքարն է, նաև պայքարը՝ ՔԿՀ-ներ ապօրինի ներթափանցած իրերի ու քրեական ենթամշակույթի դեմ:
Սերգեյ Ատոմյան - Հիմնական խնդիրը դրված է վարչապետի կողմից՝ պայքար քրեական ենթամշակույթի, կոռուպցիայի դեմ, պատշաճ պայմանների ապահովում ազատազրկված անձանց համար: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առումով 10-ից ավելի քրգործեր են հարուցվել:
Քրեակատարողական ծառայությունը ձեռք է բերել հատուկ նշանակության 10 մեքենա՝ ազատազրկված անձանց դատարան, հիվանդանոց տեղափոխելու համար: Այդ գործառույթն այժմ իրականացնում է ոստիկանությունը. հուլիսի 1-ից այն կանցնի Քրեակատարողական ծառայությանը: