2022 թվականին ճշգրտվել են ՀՀ մարզերի տարածքներում առկա քարաթափումների վտանգավոր տեղամասերը: Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից Տավուշի մարզի՝ 2, Լոռու մարզի՝ 13, Գեղարքունիքի մարզի՝ 6, Վայոց ձորի մարզի՝ 3, Սյունիքի մարզի՝ 6 քարաթափման վտանգավոր տեղամասերում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականը:
«Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ ուղղաթիռով ջրաթափ սարքի կիրառմամբ անտառային խոշոր հրդեհների ժամանակ անհասանելի տեղանքներում իրականացվել է հրդեհաշիջում: Առկա է մեկ ջրաթափ սարք, նախատեսվում է ձեռք բերել ևս մեկը՝ երկու ուղղաթիռով արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- ընդգծել է նախարարը:
Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայությունը համալրվել է 17 ԱԹՍ-ով, 2 ստորջրյա դրոնով, 2 գիշերային տեսանելիության սարքով, 1 լազերային սարքով, 1 հրշեջ ավտոմեքենայով, 1400 հատ լրակազմ հրշեջ համազգեստով և այլն:
Կառավարության որոշմամբ՝ փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով պետբյուջեից հատկացվել է 871 մլն դրամ:
Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից անցկացվել են մի շարք ուսումնավարժություններ և այլ աշխատանքներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները ներկայացրել է հանձնաժողովի փակ նիստում: