«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումն ընդունելու արդյունքում ՀՀ-ում տեսալսողական մեդիայի սպառողները կկարողանան օգտվել հեռարձակվող ծրագրերի նույնական հերթականությունից և հեշտությամբ ընտրել իրենց նախընտրելի ծրագիրը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ներկայացվել է մեկ առաջարկ. ընդառաջելով մարզային ցանցային օպերատորներին` հերթականության ցանկից հանվել են «հեղինակազորված հեռարձակողների տեսալսողական ծրագրերը»: Ըստ հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի` վերջիններիս տեխնիկական հնարավորությունները երբեմն բավարար չեն, որպեսզի իրենց ցանցում ներառվեն շատ ալիքներ, ինչը ֆինանսական մեծ խնդիրներ է առաջացնում:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրային սլոթի օգտագործման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը դիտարկելու և դրա արդյունքում հեռարձակողների իրավունքները և տնտեսվարման ռիսկերը նվազեցնելու հիմքերը սահմանելով: Արդյունքում հնարավոր կլինի պաշտպանել հեռուստալսարանի տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև կնվազեցվի տնտեսվարողների գործունեության ֆինանսական կորուստները` մինչև նոր մրցույթի կայացումը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ներկայացվել են խմբագրական և տեխնիկական բնույթի փոփոխություններ:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: