Ոստիկանության ծառայությունը 4 հենասյուն է ունենալու՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանական գվարդիա և ունիվերսալ ոստիկանություն: Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում 2022 թվականի կառավարության ծրագրի իր ոլորտի կատարողականը ներկայացրեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Վահե Ղազարյան (ՀՀ ներքին գործերի նախարար) - Այս համատեքստում վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ստորաբաժանումներով ուղղությունները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները:
Պարեկային ծառայության համար 2022 թվականին 315 ամբողջովին նոր մեքենաներ են ձեռք բերել,- ասաց նախարարն ու խոսեց ծառայության արդյունքներից: Ըստ նրա՝ այն մարզերում, որտեղ արդեն ներդրվել է պարեկային ծառայությունը, նկատվում է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման արդյունավետության բարձրացում: Ղազարյանը կարևորեց նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը՝ նկատելով, որ արգելափակվել է սոցիալական հարթակներում գործող 17 համացանցային խանութի գործունեություն:
Վահե Ղազարյան - Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում: Հաշվետու ժամանակահատվածում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 134 դեպք է հայտնաբերվել. 37-ը` իրացնելու, 97-ը՝ ձեռք բերելու:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԾԱՂԿՈՒՄԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Արդեն տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ծրագրի կատարողականը ներկայացրեց
շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Ոլորտի առաջնահերթ ուղղությունների մասով վեց տարվա կտրվածքով կատարման ենթակա 60 միջոցառում կա, որից 36-ը 2022 թվականի ընթացքում արդեն կատարվել է՝ զեկուցեց Սիմիդյանը: Խորհդարանականները հետաքրքրվեցին Հայաստանի հարստություն համարվող Սևանա լճի ծաղկման մասին: Նախարարը նախ նշեց, որ Սևանից բաց է թողնվել 165 մլն խորանարդ մետր ջուր, ինչն օրենքով սահմանված տարեկան 170 մլն խմ ջրաքանակից քիչ է:
Հակոբ Սիմիդյան - Ասեմ, որ ԳԱԱ-ի հետ ակտիվորեն, իհարկե, աշխատում ենք, բայց հիմա մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներ ենք ունենում, այդ թվում՝ մասնագիտական միջազգային ուսումնասիրություններ իրականացնելու: Ունենք նաև ունենք ծրագիր Գերմանիայի մեր գործընկերների հետ, որոնք գիտական ուսումնասիրություն են իրականացնում կանաչման գործընթացը գիտականորեն գնահատելու: Կան արդյունքներ, բայց նաև գիտենք, որ ջրի մակարդակի բարձրացումը շատ կարևոր է:
ՏԿԵՆ ԾՐԱԳՐԵՐԸ 95 ՏՈԿՈՍՈՎ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ. ՍԱՆՈՍՅԱՆ
Օրենսդրին իր հաշվետվությունը ներկայացրեց նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, տեղեկացրեց՝ նախարարության ծրագրերը կատարվել են 95 տոկոսով: Սանոսյանը հավելեց, որ նախորդ տարի իր ոլորտին հատկացվել է 235 մլրդ դրամ, որից ծախսվել է 223-ը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - «Սահմանամերձ համայնքներին աջակցություն» ծրագրի շրջանակում 23 համայնքի 82 բնակավայրի տրվել է 998 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրերի մասով ևս նախորդ տարի բարձր ցուցանիշ է արձանագրվել: 36,6 մլրդ դրամի չափով Կառավարությունը և համայնքները սուբվենցիոն ծրագրեր են իրականացրել, դրանցից 18,9 մլրդ դրամը հատկացրել է Կառավարությունը: Մոտ 550 մլն դրամ հատկացրել են բարերարները կամ այլ գործընկերներ:
Օրենսդիր մարմինը գործադիրի հաշվետվություններն ընդունեց ի գիտություն, 2022 թվականի Կառավարության կատարողականը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
Հեղինակ` Անի Օհանյան