ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասին և Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, ինչպես նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, առևտրի և ռազմարդյունաբերության ոլորտներում գործակցությունը, էներգետիկ անվտանգությունը, ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Նշվում է, որ պաշտոնյաներն ընդգծել են գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ Թուրքիայի և Միացյալ Նահանգների գործակցության կարևորությունը:
Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիան, ընդհանուր առմամբ, աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը: Նրա խոսքով՝ դաշինքին անդամակցելու համար Շվեդիան ու Ֆինլանդիան պետք է կատարեն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իրենց պարտավորությունները, ինչը կարագացնի այդ երկրների եվրատլանտյան ինտեգրման գործընթացը:
Կողմերը նաև կարծիք են հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով տարածաշրջանում և ողջ աշխարհում անկայունությունը սրվում է։
ՌԴ-Ն ՀԵՐՔԵԼ Է ԱԹՍ ԽՈՑԵԼՈՒ ԱՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի վրա խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, ինչի հետևանքով անօդաչուն ընկել է միջազգային ջրային տարածքում՝ հայտնում է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը: CBS հեռուստաալիքը ներկայացրել է հնարավոր կործանման տեսագրությունը։
ԱՄՆ զինված ուժերի տվյալով՝ ամերիկյան սարքը սովորական թռիչք էր կատարում միջազգային օդային տարածքում: Ջո Բայդենը և ԱՄՆ գործընկերներն ու դաշնակիցներն արդեն տեղեկացվել են օդային միջադեպի մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը կտրուկ մանևրի պատճառով է ընկել Սև ծով, ռուսական կործանիչները չեն խոցել սարքը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Սև ծովում կործանված ամերիկյան անօդաչու թռչող սարքի բեկորներն այլ երկրների ձեռքում չհայտնվեն։ «ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ռազմական ավիացիայի օգտագործումը Սևծովյան տարածաշրջանում, Սև ծովը կողմերից ոչ մեկի սեփականությունը չէ»,- ասել է Քիրբին, նաև շեշտել՝ Վաշինգտոնի համար կարևոր է շարունակել Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումները։
Դեպքի հետ կապված՝ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչվել է պետքարտուղարություն։ Անատոլի Անտոնովը ավելի ուշ հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել «հատուկ ռազմական գործողության գոտում»: Նրա խոսքով՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքերը հետախուզական տվյալներ են հավաքում և տրամադրում Կիևին՝ ռուսական ուժերի դեմ օգտագործելու համար:
«Եթե, օրինակ՝ ռուսական հարվածային անօդաչու թռչող սարք հայտնվեր Նյու Յորքի կամ Սան Ֆրանցիսկոյի մոտ, ինչպիսի՞ն կլիներ ԱՄՆ ռազմաօդային ուժերի արձագանքը: Իհարկե, թույլ չէին տա մուտք գործել ամերիկյան օդային տարածքը»,- ընդգծել է Անտոնովը: Այնուհանդերձ, նա կառուցողական է որակել պետքարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպումը:
ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ակնկալվում է, որ ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում գործակցության հեռանկարը, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հնարավորությունները:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մարտի 15-16-ը Մոսկվայում կկայանա նաև Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարությունների պատվիրակությունների հանդիպումը: Կողմերը կքննարկեն Դամասկոս-Անկարա հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու տարբերակները:
ԲԱԽՄՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄՐԱՊՆԴՎԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Բախմուտի պաշտպանությունը կամրապնդվի՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի հերթական նիստից հետո, որի ընթացքում հիմնականում քննարկվել են Բախմուտում զարգացումները. այնտեղ այժմ ամենաթեժ մարտերն են: Շտաբի բոլոր անդամները միասնական դիրքորոշում են հայտնել՝ Բախմուտ քաղաքի պաշտպանությունը պետք է շարունակվի։
Ավելի վաղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեղեկացրել էր, որ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի արևելյան հատվածի նկատմամբ, մարտերը շարունակվում են:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նշել է, որ ռուսական կողմը չի դադարեցնում Բախմուտի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերը: Նրա խոսքով՝ քաղաքը Դոնբասում ուկրաինական զորքերի պաշտպանության և մատակարարումների կարևոր հանգույց է և հետագայում թույլ կտա հարձակողական գործողություններ սկսել Ուկրաինայի զինված ուժերի դեմ: