Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Սարգիս Խանդանյանի գնահատմամբ՝ ակտիվ են Հայաստանի և Շվեդիայի միջխորհրդարանական հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահը կարևորել է տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջև արդյունավետ համագործակցությունը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը՝ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և անտեսելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է Շվեդիայի հետ գործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման գործում Շվեդիայի աջակցության համար:
Սարգիս Խանդանյանն արժևորել է մի շարք ոլորտների զարգացման հարցում Շվեդիայի կառավարության ցուցաբերած ֆինանսական օժանդակությունը, այդ թվում՝ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աջակցությունը:
Պատրիկ Սվենսոնը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Կարևորելով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: