ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻՇԵԼԻ ՀԵՏ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Վերջինս վստահեցրել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի եվրոպական ուղուն։
Միշելը նաև մտահոգություն է հայտնել Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի քննարկման կապակցությամբ և նշել, որ նման նախաձեռնությունները վնասում են քաղաքացիական հասարակության աշխատանքին և անհամատեղելի են Վրաստանի եվրաինտեգրման ցանկության հետ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ կողմերը քննարկել են նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը և «դրա ազդեցությունը Վրաստանի անվտանգության վրա»։ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
ԻՐԱՆՈՒՄ 82 656 ՄԱՐԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ԿԻՐԱՌՎԵԼ
Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեին հայտարարել է, որ Իրանում համաներում է կիրառվել 82 հազար 656 մարդու նկատմամբ, և հնարավոր է` այդ թիվը ավելանա։ Մոհսենի Էժեյը նշել է, որ համաներում ստացածներից 22 հազարն այն մարդիկ են, որոնք ձերբակալվել են վերջին լայնածավալ հակակառավարական ցույցերի ժամանակ:
ԱԹԵՆՔ-ԱՆԿԱՐԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Հունաստանի վարչապետը Կիպրոսի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ վերջին շրջանում Աթենքի և Անկարայի հարաբերություններում լարվածությունը նվազել է:
«Սադրանքների, ագրեսիվ վարքագծից հետո մենք տեսնում ենք ավելի դրական վերաբերմունք: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի և Հունաստանում երկաթուղային վթարի հետ կապված երկու երկրի արձագանքը և զոհերի հետ կապված կարեկցանքը փոխեցին մեր պետությունների և ժողովուրդների հարաբերությունները»,- ասել է Կիրիակոս Միցոտակիսը։
Հիշեցնենք՝ վերջին տվյալով՝ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերը թիվը հասնում է 50.000-ի, իսկ Հունաստանում մարտի 1-ին մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է շուրջ 60 մարդ:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ԳՇ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անցկացրել է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հերթական նիստը, քննարկվել են Բախմուտում զարգացումները, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են:
«Շտաբի բոլոր անդամները միասնական դիրքորոշում են հայտնել՝ Բախմուտ քաղաքի պաշտպանությունը շարունակվում է»,- ասված է երկրի ղեկավարի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենիյ Պրիգոժինը տեղեկացրել էր, որ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի արևելյան հատվածի նկատմամբ, մարտերը շարունակվում են:
Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն էլ հայտնել է, որ այժմ Բախմուտում 4000-ից պակաս խաղաղ բնակիչ է մնացել, մjուսները տարհանվել են։
Պատերազմից առաջ Բախմուտում ապրում էր ավելի քան 70 հազար մարդ։
ՌԴ-ՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՊԱՏԺՎԵՆ
Ռուսաստանի Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ռազմական գործողությունների մասնակիցներին վարկաբեկելու» համար պատասխանատվություն նախատեսվող օրենքը։ Մեղավորներին սպառնում է վարչական տուգանք կամ մինչև 15 տարվա ազատազրկում։
«Բոլոր նրանք, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, ապահովում են երկրի և քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանված են սադրանքներից և ստից»,- հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։