Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է հանրապետության նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ռազմական դրության պայմաններում նախագահի ընտրության իրավունքը վերապահել Ազգային ժողովին:
Ժիրայր Միրզոյան (Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ) - Ռազմական դրության ժամանակ՝ մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը, նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի խմբակցություններին վերապահել իրավունք առաջադրելու և ընտրելու նախագահ, որը կպաշտոնավարի մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը:
Գործող Սահմանադրությամբ՝ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են միաժամանակ, ու նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախատեսված է նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրության պահանջ:
Ժիրայր Միրզոյան - Տվյալ եղանակով ընտրված նախագահի պաշտոնավարման ընթացքում արգելել արձակել Ազգային ժողովը, տվյալ եղանակով ընտրված նախագահին անվստահություն հայտնելու համար նախատեսել որակյալ մեծամասնությամբ՝ երկու երրորդով, անվանական քվեարկությամբ ընդունված որոշման անհրաժեշտություն:
Արցախի նախագահի ներկայացուցչի խոսքով՝ Սահմանադրության փոփոխության նպատակն է ռազմական դրության ժամանակ երկիրը զերծ պահել իրավաքաղաքական ճգնաժամից և ապահովել պետական կառավարման կայունությունը:
Ժիրայր Միրզոյան - Նույն մեխանիզմը գործում է նաև Ազգային ժողովի արձակման դեպքում: Նշված իրավիճակում համապետական ընտրություններ անցկացնել չլինելու դեպքում առաջ է գալիս իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ:
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են՝ կողմ են քվեարկելու Սահմանադրության փոփոխությանը: Նախագծի վերաբերյալ առաջարկությունների համար պատգամավորները մեկ շաբաթ ժամանակ ունեն: Ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակը «Լուրերի» հետ զրուցում բացառել էր վարկածը, թե Սահմանադրության փոփոխություն նախաձեռնելով՝ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ: