ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում՝ առայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքում արձանագրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձինք, 843 դեպքով անտեսելով ՀՀ գնումների օրենսդրության պահանջները, 2019-2022 թթ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ձեռք են բերել 242,397,450 ՀՀ դրամի աշխատանքներ և ծառայություններ՝ տրանսպորտային միջոցների, տեխնիկական շահագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նպատակով:
«Արձանագրվել է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը ֆիզիկական անձանց հետ կնքած պայմանագրերի շրջանակներում, որպես հարկային գործակալ, ֆիզիկական անձանց վճարելու յուրաքանչյուր դեպքով կիրառել է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերը, սակայն 483 դեպքով դրանք չի արտացոլել հարկային մարմին ներկայացվող «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական» հաշվարկներում, որոնց մասով թաքցված կամ պակաս ցույց տրված միայն եկամտային հարկի գումարը, ըստ նախնական հաշվարկի կազմել է 35,371,055.0 ՀՀ դրամ:
Միաժամանակ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերությունը՝ որպես հարկային գործակալ, շուրջ 300 դեպքերով հարկային մարմին չի ներկայացրել նոր աշխատողների գրանցման հայտերը, աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց հետ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով չի կնքել գրավոր աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտեր, ինչն էլ չի արձանագրվել հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրականացված համալիր ստուգումների արդյունքում:
Հարկ ենք համարում նաև նշել, որ պաշտոնատար անձանց ոչ օրինաչափ գործունեության արդյունքում, բացի պետությանը պատճառված վնասից, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, ընկերությանը ենթակա էր նաև առաջադրման լրացուցիչ պարտավորություններ՝ տույժեր և տուգանքներ, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ վարչական պատասխանատվության միջոցներ՝ պաշտոնատար անձանց նկատմամբ:
Վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով»,- ասված է ՊՎԾ հաղորդագրության մեջ: