Հայաստանում եզրափակվեց Չեխիայի և Ֆինլանդիայի հետ գործակցությամբ իրականացվող Եվրոպական միության երկամյա Թվինինգ ծրագիրը, որի նպատակն էր բարելավել շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող օրենսդրությունը, պահպանել Հայաստանի կենսաբազմազանությունն ու ապահովել կենսաանվտանգությունը:
Արամ Մեյմարյան (ՀՀ ՇՄ նախարարի տեղակալ) - Երեք կոմպոնենտ նշվեց, առաջինը՝ մոտարկել մեր օրենքները Եվրոպական միության օրենքներին, երկրորդը՝ զարգացնել մեր ինստիտուցիոնալ կարողությունները հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության մասով և բարձրացնել իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների շուրջ հանրության շրջանում:
Օրենսդրական բարեփոխումների և օրենսդրությունը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու մասով իրականացվել են վերլուծություններ, վեր են հանվել օրենսդրական բացերն ու ներկայացվել առաջարկներ:
Ոսկեհատ Գրիգորյան (ՀՀ ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ) - Կոնկրետ առանցքային օրենքները, որոնք ենթակա կլինեն որոշակի փոփոխությունների, դրանք «Կենդանական աշխարհի մասին» օրենքն է, «Բուսական աշխարհի մասին» օրենքը, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը: Արդեն իսկ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում որոշակի դիտարկումներ արված են, 2022 թ. արդեն ապրիլ ամսին հաստատված են որոշակի առաջարկներ Թվինինգ պրոջեկտի առաջնային փուլում արված առաջարկներից, սակայն ամփոփիչ եզրակացության մեջ անհրաժեշտություն կա նորից անդրադառնալ օրենքին՝ կոնկրետ տեսակային պահպանության մակարդակում:
Ներկա պահին շրջանառվում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի վերաբերյալ ևս ծրագրի ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել:
Ոսկեհատ Գրիգորյան - Oրենքում ամրագրել հասկացություն, մասնավորապես, «արժեքավոր էկոհամակարգ» հասկացությունը, որը հնարավորություն կտա և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով հնարավորություն կտա անդրադառնալ ինչպես կարևոր թռչնաբանական, կարևոր բուսաբանական տարածքների նեմեռալդ տարածքներին, այնպես էլ ռամսար տարածքներին:
Հարավային Կովկասում Ֆինլանդիայի շրջիկ դեսպանի խոսքով՝ Ֆինլանդիան Թվինինգի շրջանակում 32 երկրում իրականացրել է 200 ծրագիր, որից 9-ը՝ Հայաստանի հետ համատեղ:
Կիրթսի Նարինեն (Հարավային Կովկասում Ֆինլանդիայի շրջիկ դեսպան) - Իրականացվել է վիճակագրության, հանրային կառավարման, տնտեսության, մաքսային և այժմ՝ շրջակա միջավայրի ոլորտներում: Մենք ունենք տարբեր ոլորտներում լայն գործակցության հնարավորություն, և ես կոչ եմ անում Հայաստանի գործընկերներին շարունակել նախագծերը:
Չնայած ծրագիրն ավարտվեց, պատասխանատուները նշում են՝ նպատակ ունեն եվրոպացի գործընկերների հետ այլ ծրագրեր ևս իրականացնել:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան