Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների առաջին հանդիպմանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու համար:
Լևոն Բալյանը նշել է, որ նախկինում ևս առիթ ունեցել է անդրադառնալու նախորդ գործողությունների ծրագրի շրջանակներում գրանցած հաջողություններին: Նախարարի տեղակալը նշել է նաև, որ խոսքը վերաբերում է մասնավորապես պրոբացիայի շահառուների մասնագիտական ուսուցման առաջին կենտրոնի բացմանը, քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի, ինչպես նաև հոգեկան առողջության զննության և ռիսկի գնահատման գործիքակազմի ներդրմանը, էլեկտրոնային բժշկական համակարգի և e-probation համակարգի մշակմանը և այլն:
Լևոն Բալյանը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ քրեակատարողական ոլորտում ընդլայնվել է Եվրոպայի խորհրդի հետ Արդարադատության նախարարության համագործակցությունը՝ այն տարածելով ոչ միայն բանտային բժշկության ոլորտի, այլև առհասարակ ազատությունից զրկելու տարբեր ասպեկտների խնդիրները հասցեագրելու վրա: Նախարարի տեղակալը նշել է, որ նոր փուլում ակնկալվում է շարունակել համագործակցությունն արդեն իսկ առկա ոլորտներում, ինչպես նաև սերտորեն համագործակցել դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման, պատժի անհատական պլանավորման, դատապարտյալներին պատժից ազատելուն պատրաստման, վերասոցիալականացման արդյունավետ ծրագրերի ներդրման, քրեակատարողական և պրոբացիայի համակարգերի կարողությունների զարգացման և այլ ուղղություններով:
Ամփոփելով ելույթը՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովման կապակցությամբ: