«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակը ոսկու խտանյութը և համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է. ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացնելով Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Ըստ նրա՝ առաջարկվում է ԱԱՀ-ից ազատված թանկարժեք մետաղների իրացման գործարքները շարունակել համարել ԱԱՀ-ից ազատված գործարքներ, փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածք արտադրող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցել ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը նաև նշել է, որ նախագծով առաջարկվող փոփոխությամբ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն սահմանվում է միայն թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված` ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարման համար:
Արման Պողոսյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկու զտարկմամբ զբաղվող տեղական ընկերությունների համար ձևավորել այնպիսի հարկային միջավայր, որի պարագայում նրանց և արտերկրում ոսկի զտարկող ընկերությունների միջև կստեղծվեն գործունեության հավասար պայմաններ: Այս կերպ կխրախուսվի ոսկու արտադրության ավելի երկար արժեշղթայի ձևավորումը մեր երկրի տարածքում:
«Մեր հիմնական նպատակն է նշված արտադրանքը չծանրաբեռնել ԱԱՀ-ով և հավասար պայմաններ ստեղծել մեր երկրում և արտերկրում ոսկու խտանյութի զտարկմամբ զբաղվողների համար»,- ասել է Արման Պողոսյանը:
Պատասխանելով հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանի՝ ՀՀ-ից Թուրքիա ոսկու ձուլակտորների արտահանման վերաբերյալ հարցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փաստել է, որ թուրքական շուկան փակ է հայկական ապրանքների համար: Ընդհանուր ապրանքաշրջանառությունը 320 միլիոն դոլար է, որը միայն ներմուծումն է մեր երկիր: Ըստ Վահան Քերոբյանի՝ հայ-թուրքական սահմանի բացումը կտա լայն հնարավորություն հայկական ապրանքների արտահանումը կազմակերպելու համար:
Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: