«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մեկնարկել են Հ -70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։
Ճանապարհը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել և գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։
Կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակում ճանապարհահատվածում իրականացվում են հանույթի և լիցքի հողային աշխատանքներ։ Տրանսպորտային միջոցների ժամանակավոր անցանելությունն ապահովելու նպատակով կատարվում է ճանապարհահատվածի երթևեկային մասի բնահողային պատվածքի պրոֆիլավորում։ 27.5 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհին շինաշխատանքներն այս պահին հիմնականում կատարվում են Աթան և Լորուտ բնակավայրերի մոտ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Շեկոյանը և ինժեներ Վարդան Կարապետյանն այցելել էին շինհրապարակ՝ դիտարկելու կապալառուի կողմից շինհրապարակում կատարված մոբիլիզացիան, աշխատանքների ընթացքը։ Այցելության ընթացքում պատվիրատուի, կապալառուի, տեխնիկական հսկողության ներկայացուցչների, համայնքի և վարչական ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են շինարարությանը, գյուղամիջյան հատվածներում աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
Նշենք, որ ընթանում է նաև Քարինջ բնակավայր տանող 3.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Այստեղ հողային աշխատանքները ավարտական փուլում են։ Հողային աշխատանքների ավարտից հետո կսկսվի ջրահեռացման համակարգի վերականգնումը։