Զինված ուժերում և կալանավայրերում սահմանվել են մահվան ելքով քննությունների պատշաճ և թափանցիկ իրականացման չափորոշիչներ: Փորձագիտական գնահատականով՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նախանշված գործողությունների գրեթե 83 տոկոսը գնահատվել է իրականացված կամ մասնակի իրականացված: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. ծրագրի ամփոփմանը անդրադարձան կարևոր բարեփոխումներին:
Կարեն Կարապետյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Այս գործողությունների շրջանակում ներկայացվել են թե՛ տեխնիկական բարելավումների մակարդակով առաջընթաց, թե՛ իրավական դաշտի միջազգային և եվրոպական չափանիշներին մոտարկման ու բարելավման ուղղությամբ աշխատանքներ:
Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության թիրախում է եղել կյանքի իրավունքից մինչև խոշտանգումներից ապահովված լինելը, առողջապահության, կրթության հասանելիություն և այլ իրավունքներ: Նիստին գերատեսչությունները և հասարակական ու միջազգային կազմակերպությունները զեկույցներով ներկայացրին 2 տարվա իրենց կատարած աշխատանքը:
ՄԱԶԾ փորձագետները ակտիվ գործակցել են գերատեսչությունների հետ, նշեց Հայաստանում ծրագրի մշտական ներկայացուցիչը՝ նկատելով, որ մեր երկրում մարդու իրավունքների տեսանկյունից առաջընթացն ակնհայտ է:
Նաթիա Նացվլիշվիլի (Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ) - Որպես հիմնական ձեռքբերում` կարող եմ նշել, որ արդեն մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության գործողությունների պլանը մասնակցային գործընթացն է, և բոլոր կազմակերպությունները կարող են ակտիվորեն մասնակցել այդ պլանի մշակմանն ու իրականացմանը:
Խոսվեց նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չարվածի մասին, որպես պատճառ նշվեց համավարակը և պատերազմը: Պատասխանատուները վստահեցրին, որ բացթողումները միանշանակ լրացվելու են: ԵՄ ներկայացուցիչն էլ նշեց, որ գործողությունների ծրագրի նպատակը վստահ լինելն է, որ կառավարությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում, խթանում զարգացումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Սիլյա Կասման (Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ) - Կարող ենք արձանագրել, որ այն բոլոր ջանքերը, որը Հայաստանը իրականացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, միտված են եղել ժողովրդավարական ոլորտների առաջխաղացմանը երկրում, ինչը մեծապես հաջողվել է, չնայած դեռ կա բարելաման կարիք, որը տեղ կգտնի արդեն 2023-25 թվականների մարդու իրավունքների գործողությունների պլանում:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ․ գործողությունների ծրագրի մշակմանը, գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների առաջիկա համատեղ անելիքներին:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան