Մարտի 14-ին Մոսկվայում 81 տարեկանում մահացել է խորհրդային նշանավոր այլախոհ, իրավապաշտպան, քաղբանտարկյալ, «Գլասնոստ» իրավապաշտպան հիմնադրամի նախագահ, «Ազատության ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր Սերգեյ Գրիգորյանցը։
Գրիգորյանցը ծնվել է 1941 թվականի մայիսի 12-ին Կիևում: Սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում, Ռիգայի քաղավիացիայի ինժեներների ուսումնարանում և Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում։
1975 թ. ձերբակալվել է КГБ-ի կողմից հակախորհրդային քարոզչության մեղադրանքով և ենթարկվել հինգ տարվա ազատազրկման։ 1982-1983 թվականներին տարածել է ինքնահրատ (Самиздат) նյութեր ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտման մասին, ինչի համար 1983 թ. ենթարկվել է յոթ տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմով։
1987 թ. համաներումից հետո ազատվել է, շարունակել իրավապաշտպան գործունեությունը։ Նրա հիմնադրած «Գլասնոստ» ամսագիրն առաջին հրապարակային լրատվամիջոցն էր Խորհրդային Միության տարածքում:
Արցախյան շարժման սկզբնավորման օրերին եկել է Հայաստան, հանդիպել շարժման ղեկավարներից Իգոր Մուրադյանի հետ:
Բացառիկ է Սերգեյ Գրիգորյանցի դերը Արցախյան շարժման կայացման գործում: Նա աշխարհին Արցախյան շարժման մասին օպերատիվ տեղեկատվություն մատուցող հիմնական անձն էր: