2022 թվականի ընթացքում Ազգային ժողովն ընդունել է Ներքին գործերի նախարարության ձևավորման օրենսդրական փաթեթը: Նոր նախարարության կառուցվածքի հենքն է Ոստիկանությունը, Փրկարար և միգրացիոն ծառայությունը:
Ներքին գործերի նախարարության ձևավորման կազմակերպչական, ինչպես նաև ենթաօրենսդրական և գերատեսչական ակտերի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, հաստատված է նախարարության և ենթակա մարմինների կանոնադրությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականը:
Խոսելով Ոստիկանության կառուցվածքային վերափոխման տեսլականի մասին՝ նախարարը նշել է, որ որպես մասնագիտական կառույց՝ ծառայությունը զարգանալու է 4 ուղղությունով՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանական գվարդիա և ունիվերսալ ոստիկանություն: «Այս համատեքստում վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները: 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները»,- ընդգծել է զեկուցողը:
Հիմք ընդունելով այն մոտեցումները, որ պարեկային ծառայությունը՝ որպես արտաքին ծառայություն կազմակերպելու լավագույն մոդել, պետք է ներդրվի ամբողջ հանրապետությունում, հաշվետու ժամանակահատվածում ծառայության ստորաբաժանումները գործարկվել են նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ ներկայումս ընթանում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման նախապատրաստական աշխատանքները:
Նախարարը փաստել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման արդյունավետության բարձրացման միտումներ նկատվում են այն մարզերում, որտեղ ներդրվել է պարեկային ծառայությունը:
Անդրադառնալով համակարգում կին ծառայողների թվի շարունակական ավելացմանը՝ զեկուցողը նշել է, որ աշխատանքներ են տարվում վերջիններիս՝ ծառայության ընդունման չափորոշիչների վերանայման, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 134 դեպք: «Այս տարի հայտարարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Ոստիկանությունն ակտիվ կերպով շարունակելու է հակազդել տվյալ հանցատեսակի տարածմանը»,- ասել է գերատեսչության ղեկավարը:
Նախարարը ներկայացրել է նաև 2022 թվականին իրականացված այլ աշխատանքներ, պատասխանել պատգամավորների հարցերին: