Երևանում ընթանում են Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը, որի նպատակն է UNCCD-ի շրջանակներում մշակել արդյունավետ քաղաքական կուրս և ձեռնարկել միջոցներ՝ ուղղված երաշտի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։
Աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին:
Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով գործընկերներին և շնորհավորելով Հայաստան կատարած առաջին այցելության առթիվ՝ նախարարն անդրադարձել է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի աշխատաժողովին՝ բարձր գնահատելով շրջակա միջավայրի խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համատեղումը։
«Անատապատացումը՝ որպես համաշխարհային բնապահպանական հիմնախնդիր, պահանջում է կիրառել արդյունավետ միջոցներ բնական էկոհամակարգերի պահպանման և արդյունավետ օգտագործման համար, ինչպես նաև բնապահպանության բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված նպատակային գործողություններ։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը խստորեն հավատարիմ է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացմանը»,- նշել է նախարարը։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով անտառտնկման և անտառային տարածքների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման հարցերին։
Ալիան Ռիչարդ Դոնվահիին շրջակա միջավայրի խնդիրները սահմաններ չճանաչող է գնահատել, և տպավորիչ համարել այդ համատեքստում Հայաստանի գործադրած ջանքերը։
Հանդիպման ավարտին նախարարն արձանագրել է, որ ոլորտի կառավարման շրջանակում դեռ լուրջ անելիքներ կան, և որ Հայաստանն անչափ կարևորում է միջազգային փորձի փոխանակումը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը կոնվենցիայի շրջանակում և դիտարկել նոր ծրագրերի ու միջոցառումների կյանքի կոչման հնարավորությունները։