Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար պետք է ունենալ միջազգային մեխանիզմ, որը կմշտադիտարկի, կվերահսկի և կերաշխավորի դրանց կատարումը: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունն է Ջերմուկում՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս կատարած այցից հետո:
Անդերս Ֆոգ Ռասմուսեն («Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ) - Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասնենք տևական և արդար խաղաղության համաձայնագրի, որտեղ շատ կարևոր տարր պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքը: Կատարյալ կլիներ ՄԱԿ-ի մանդատը վայելող խաղաղապահ որևէ կոնտինգենտի առկայությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարմանը` «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահը նշում է՝ ԵՄ-ն պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա միջանցքը բացելու համար: Շրջափակումը ոչ մարդկային է, ոչ էլ օրինական:
Անդերս Ֆոգ Ռասմուսեն - Արդարադատության միջազգային դատարանը մի քանի շաբաթ առաջ որոշում էր կայացրել, որով պարտադրում էր Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ: Որոշումը պարտադիր է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ հասանելիության, ազատ տեղաշարժի համար: Ուստի այսօր ես հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն անհապաղ:
Ռասմուսենի գնահատմամբ` շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մարդասիրական ճգնաժամից կարող է վերաճել հումանիտար աղետի, երբ կյանքի համար անհրաժեշտ պարեն կամ դեղորայք միայն շատ փոքր քանակով են տեղ հասնում:
Անդերս Ֆոգ Ռասմուսեն - Հրաշալի Ջերմուկ քաղաքում եմ, և քաղաքապետն ինձ ասաց, թե ինչ բացասական ազդեցություն են ունեցել ադրբեջանական հարձակումները քաղաքի վրա, տուրիզմի վրա: Ավելի վաղ ես այցելեցի Լաչինի միջանցք: Ինչպես գիտեք, այն Հայաստանի և ԼՂ-ի միջև միակ ցամաքային կապն է, որը անցած տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ է: Ես հանդիպեցի մարդկանց, որոնք ապրել են ԼՂ-ում, և նրանք պատմեցին այն ճգնաժամային վիճակի մասին, որ տիրում է Ղարաբաղում:
ՀՀ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ. ՌԱՍՄՈՒՍԵՆ
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշեց, որ կցանկանային ավելի սերտ գործակցել Հայաստանի կառավարության հետ՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու ԵՄ-ի հետ երկխոսությունը, որը կներառի նաև անվտանգության քաղաքականության թեման:
Անդերս Ֆոգ Ռասմուսեն - Կարծում եմ, որ Հայաստանը միջազգային ավելի շատ գործընկերների կարիք ունի, քան կա այսօր: Ընդհանուր առմամբ` Հայաստանը ռազմաքաղաքական աջակցության ակնկալիք ունի, բայց մանրամասն չենք քննարկել ռազմական գործակցության եզրերը:
Եվրոպան չի կարող աչք փակել մեր սահմաններին տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա։ ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ և պահանջի վերացնել շրջափակումը, կատարել միջազգային պարտավորությունները, եզրափակել է Ռասմուսենը: