ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 14-ին հեռավար մասնակցել և ելույթ է ունեցել Ժնևում կայացած տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին (WSIS 2023)։
Գագաթնաժողովի այս տարվա թեման էր «WSIS գործունեության ուղղություններ՝ վերականգնման բարելավման և ԿԶՆ-ների ձեռքբերումների արագացման համար»:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ողջունել է գագաթնաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ու նշել.
«Մենք կարևորում ենք միջազգային և տարածաշրջանային համագործակցության դերը՝ միտված արագ զարգացող և փոփոխվող աշխարհում ամենօրյա մարտահրավերները հաղթահարելուն: Մի շարք ոլորտներում մենք բախվում ենք նմանատիպ խնդիրների, ինչը պահանջում է շարունակական երկխոսություն՝ ընդհանուր լուծումներ գտնելու համար։ Այս համատեքստում ՄԱԿ-ի և նրա տարբեր գործակալությունների, ինչպես նաև Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցությունը զգալիորեն օգնում է մեզ փոխանակել տարբեր ոլորտներում մեր ունեցած լավագույն փորձը:
Հայաստանի Հանրապետության կառավարության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է՝ տնտեսության ներառական և կայուն զարգացման ապահովման համար։ ՀՀ կառավարությունն օտարերկրյա ներդրումների նկատմամբ իրականացնում է բաց դռների քաղաքականություն: Doing Business 2020 զեկույցով Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 47-րդ տեղը՝ իր բարենպաստ բիզնես միջավայրով։ Ավելին, 2021 թվականին մեր երկիրը տնտեսական ազատության ինդեքսում զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։
Հսկայական առաջընթաց կա ՏՏ ոլորտում, դրա վկայությունն այն է, որ մի շարք հայկական ՏՏ կազմակերպություններ մեծ հաջողությունների են հասել միջազգային շուկայում, բազմաթիվ արտասահմանյան կազմակերպություններ էլ բացել են իրենց գրասենյակները Հայաստանում: Հատկանշական է, որ Հայաստանն առաջարկում է մի շարք արտոնություններ ՏՏ ոլորտում գործող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին:
Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ականատեսը կլինեք ՀՀ կառավարության քաղաքականության ավելի շոշափելի արդյունքների։ Իսկ կայուն զարգացման նպատակների իրականացումը, անկասկած, մարդկության համար համայն աշխարհում կապահովի խաղաղություն և բարգավաճում»:
Տեղեկատվական հասարակության համաշխարհային ամենամյա գագաթնաժողովը բազմաշահառու հարթակ է, որը միտված է նպաստելու ՏՀՀԳ գործունեության ուղղությունների իրականացմանը՝ կայուն զարգացումը խթանելու նպատակով:
Գագաթնաժողովը կազմակերպվել էր Միջազգային հեռահաղորդակցության միության (ITU), ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կողմից՝ ՄԱԿ-ի այլ կազմակերպությունների և ՏՀՀԳ հետ գործունեության ուղղությունների համակարգողների հետ սերտ համագործակցությամբ:
ՏՀՀԳ-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում տեղեկատվության փոխանակման, գիտելիքների ստեղծման և լավագույն փորձի փոխանակման համար՝ միաժամանակ բացահայտելով ձևավորվող միտումները և խթանելով գործընկերությունը՝ հաշվի առնելով զարգացող տեղեկատվական և գիտելիքահենք հասարակությունները: