Մարտի 14-ին տեղի ունեցավ ՀՀ-ում բնակվող քուրդ, եզդի և ասորի ազգային փոքրամասնությունների մասին պատմական լուսանկարների և արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիեի նահանգում:
Այդ մասին հայտնում են Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
Միջոցառմանը ներկա էին Սուլեյմանիեի նահանգապետ դոկտոր Հավալ Աբուբաքրը, նահանգի կառավարման խորհրդի նախագահ Ազադ Մուհամմադ Ամինը, մշակութային և քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ և Սուլեյմանիեի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Գլխ. հյուպատոս Ա. Մանուկյանը իր ելույթում, ինչպես նաև տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում անդրադարձավ հայ-քրդական պատմական հարաբերություններին, Հայաստանի ունեցած դերակատարությանը քուրդ, եզդի, ասորի ժողովուրդների ինքնության և մշակույթի պահպանման գործում: Ա. Մանուկյանը շնորհակալություն հայտնեց Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիին, ինչպես նաև Սուլեյմանիեի նահանգի մշակույթի գլխավոր վարչությանը ցուցահանդեսի կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար: