ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
Թուրքիան մինչ օրս աշխատանքներ է տանում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի հետևանքների հաղթահարման դեմ: Ամեն օր գրանցվող հետցնցումներից բացի, այսօր թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժից տուժած Սանլիուրֆա և Ադըյաման բնակավայրերի որոշ հատվածներ հայտնվել են ջրի տակ:
Հորդառատ անձրևները հեղեղել են փողոցները, դպրոցները փակ են: Ջրհեղեղի պատճառով կան լուրջ ավերածություններ, հաղորդվում է զոհերի, վիրավորների և անհետ կորածների մասին: Իշխանությունները բնակիչներին կոչ են անում լքել տները: Փրկարարները փորձում են մարդկանց տարհանել բարձրադիր վայրեր։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սանլիուրֆա բնակավայրում հեղեղվել են տեղական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքները։ Ջրհեղեղի պատճառով տուժել են նաև այն տարածքները, որտեղ երկրաշարժից տուժածների համար վրանային ճամբարներ էին կառուցվել:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ՆԱՏՕ-ԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ
Թուրքիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը կարող է վավերացնել մինչև ապրիլի կես՝ գործող օրենսդիր մարմնի լիազորությունների ժամկետի ավարտը՝ հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դիմումը նախատեսվում է քննարկել Շվեդիայի դիմումից առանձին։
Թուրքական կողմը նաև հայտնում է, որ մարտի 16-17-ը Թուրքիայում նախատեսված է Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը Ռեջեփ Էրդողանի հետ: Օրակարգում է լինելու երկրի եվրատլանտյան ինտեգրման գործընթացը:
2022 թվականին Ֆինլանդիան և Շվեդիան դիմել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար, սակայն Անկարան արգելափակեց գործընթացը՝ ներկայացնելով մի շարք պահանջներ: Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները սրվեցին Ստոկհոլմում Ղուրանի այրումից հետո։ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց՝ հակաթուրքական գործողություններից հետո Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կաջակցի այդ երկրին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Այժմ կողմերի միջև քննարկումները շարունակվում են: Դաշինքի բոլոր երկրները, բացի Թուրքիայից և Հունգարիայից, արդեն հավանություն են տվել սկանդինավյան երկու երկրի անդամակցությանը դաշինքին։
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏ ԿՍՏԵՂԾԵՆ
Ադրբեջանն ու Վրաստանն աշխատում են մաքսային և սահմանային համատեղ անցակետերի ստեղծման ուղղությամբ, որոնք կգործեն «մեկ պատուհան» սկզբունքով: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավարը: Լևան Կակավան կոչ է արել միջազգային դոնորներին աջակցել նախագծին։
«Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դեպի հարավ ապրանքափոխադրման երթուղին փոխվեց: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Միջին միջանցքը: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը կաջակցի մաքսային և սահմանային անցակետի կառուցմանը, որը մենք ցանկանում ենք կառուցել Ադրբեջանի հետ»,- ասել է Կակավան։
ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՕՄԱՆԻ ԾՈՑՈՒՄ
Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների ռազմածովային ուժերը մարտի 15-19-ը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում՝ հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։ Վարժանքները կրում են «Անվտանգության կապեր-2023» անվանումը։
Ռազմածովային ուժերը կզարգացնեն որոնողական կարողությունները, ծովում փրկարարական աշխատանքներ և այլ առաջադրանքներ կկատարեն։
«Պարսից ծոցի մոտ Ռուսաստանի և Իրանի հետ զորավարժությունները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Դրանք ևս մեկ անգամ ցույց կտան ծովային անվտանգությունը համատեղ ուժերով պահպանելու պատրաստակամությունն ու կարողությունը»,- ասված է Չինաստանի ՊՆ հաղորդագրության մեջ։