Մարտի 15-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ու Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելել են Արմավիր քաղաքի թիվ 2 և Սարդարապատ գյուղի մանկապարտեզներ` ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Մանկապարտեզների կապիտալ նորոգումը իրականացվում է 2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում, համապատասխանաբար, 250 միլիոն դրամ և 224 միլիոն դրամ նախագծային արժեքներով:
Շինաշխատանքների ֆինանսավորման 30%-ը իրականացվելու է համայնքային, իսկ 70%-ը պետական բյուջեի միջոցներով:
Ծրագրով նախատեսված է մանկապարտեզների սեյսմակայունության բարձրացում, շենքերի ամբողջական նորոգում, բակային հատվածների և խաղահրապարակների կառուցում, թիվ 2 պարտեզում` նոր գույքով ամբողջական համալրում:
Շինարարական կազմակերպությունների և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին շինարարական աշխատանքների ընթացքը` համաձայն օրացուցային գրաֆիկի, քննարկվեցին նաև նախագծերին առնչվող այլ հարցեր:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ավարտը նախատեսված է 2023 թվականի երկրորդ կիսամյակում: